ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիտում
30.04.2024
Գիտական խորհրդի նիտում

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին։

Նիստի օրակարգային 1-ին հարցը Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության, Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների վարիչների ընտրությունն էր։

Առաջադրված թեկնածուներին, գիտական գործունեությունը ներկայացրին Գիտական խորհրդի Հումանիտար մասնագիտությունների գծով հանձնաժողովի նախագահ Գևորգ Թադևոսյանն ու Բնագիտական մասնագիտությունների գծով հանձնաժողովի անդամ Գագիկ Դեմիրխանյանը։

Գիտական խորհուրդը լսեց նաև առաջադրված թեկնածուներին, նրանց առաջարկած ծրագրային դրույթները, պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում անելիքները։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում` Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնը կշարունակի ղեկավարել առաջադրված միակ թեկնածու, ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ռուբեն Երզինկյանը, իսկ Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս պաշտոնակատար Էդուարդ Կոկանյանը։

Գիտական խորհրդի անդամները հաստատեցին նաև դոցենտի գիտական կոչման ներկայացված հոգեբանական գիտությունների թեկնածուներ Անի Ավագյանին, Անի Խուդոյանին, Արաքսյա Կաթունյանին, Լիլիթ Վարդանյանին, մանկավարժական գիտությունների թեկնածու Գեղեցիկ Գրիգորյանին, տեխնիկական գիտությունների թեկնածու Արսեն Նադարյանին, Արուսյակ Կոստանյանին, իսկ Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Սևադա Սարգսյանին՝  պրոֆեսորի կոչումում։

Օրակարգի հաջորդ հարցը՝ Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացը համալսարանում, Գիտական խորհրդում ներկայացրեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։

Պրոռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, բազմաթիվ ձեռնարկներ է իրականացնում գիտակրթական ոլորտում՝ ամրագրելով որակական զարգացման շարունակական աճ:

Նա նշեց՝ բուհում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են տարբեր ուղղություններով, որոնցից մեկն էլ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասնակցությունն է։ Մարիամ Իսպիրյանը ըստ տարիների ներկայացրեց Գիտության կոմիտեի կողմից բազային ֆինանսավորման ծրագրերի չափաքանակները, 2023 թվականի ծրագրերը, մինչև 2024-2025թվականները ֆինանասավորվող 6 թեմատիկ ծրագրեր։ Գիտական խորհրդին ներկայացվեց նաև 2025 թվականի համար նպատակային գիտական ծրագրերը։

Գիտության գծով պատասխանատուն կարևորեց բուհում ԲՏՃՄ ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնումը՝ ընդգծելով, որ այն միտված է նշված ոլորտի գերժամանակակից լաբորատորիաների հիմնադրմանը՝ ուսուցման գործընթացում դրանց կիրառման հեռանկարային նպատակով։

Գիտաժողովներ, 2023 թվականին կատարված հրատարակումներ, միջազգային գրախոսվող պարբերականներում 2021-2023 թվականներին հրատարակված հոդվածների համեմատական տվյալներ, միջազգային գրախոսվող պարբերականներում հրատարակված հոդվածներ, գիտական հանդեսներ, մասնագիտական խորհուրդների գործունեություն, անդրադարձ գիտական կադրերի ատեստավորման կարգին և այլն․ Մարիամ Իսպիրյանն իր զեկույցում անդրադարձավ այս և գիտությանը վերաբերող այլ թեմաների ևս։

Ամփոփմանը, պրոռեկտորը ներկայացրեց համալսարանում հետազոտական աշխատանքների արդյունավետության վրա ազդող գործոնների, ՀՊՄՀ-ում հետազոտական գործունեության միջազգայնացման գործընթացի, ուսանողների հետազոտական գործունեության բարելավմանը միտված պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև ուսանողների հետ անցկացված հարցման արդյունքները։

Գիտական խորհուրդը բուհում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացը համարեց բավարար, որոշեց` գործընթացի որակի բարձրացման համար ներդնել հետազոտական աշխատանքի և էթիկայի գնահատման նոր չափանիշներ, գիտահետազոտական գործունեության խրախուսման ընթացակարգեր, հետազոտական աշխատանքի որակի գնահատման ու բարելավման նպատակով իրականացնել մշտադիտարկումներ։ Ինչպես նաև կմշակվի պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտական կարողությունների մասնագիտական զարգացման, կներդրվի հետազոտական աշխատանքների ինքնատիպությունը ստուգելու և գրագողությունը կանխելու ծրագրեր, տեխնիկական միջոցներ և այլն։

Գիտական խորհրդի նախագահ Սրբուհի Գևորգյանը հորդորեց բուհում ակտիվացնել գիտահետազոտական գործունեությունը։

Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված 8 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսությունների թեմաներ, 2 թեմաների և ղեկավարների առաջարկվող փոփոխություններ։ Նիստում երաշխավորեց նաև հրատարակման ներկայացված Վ․ Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Աննա Սարգսյանի՝ «Մտավորականը Զապել Եսայանի վիպագրության մեջ» մենագրությունն ու Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Աննա Հարությունյանի՝ «Հարմոնիա-2» ուսումնական ձեռնարկը։