ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ Մանկավարժականում
27.12.2022
Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը․ այն նշանավորվեց բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված պարգևատրումներով։

Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, բուհի բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ շնորհեց պրոֆեսորներ Մնացական Մանուկյանին, Աիդա Թոփուզյանին, Վարուժան Հովհաննիսյանին, հետմահու՝ Սամվել Խուդոյանին։

Գիտական խորհրդի որոշմամբ՝ բուհի բարձրագույն պարգև շնորհվեց նաև ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ բարձրագույն կրթական համակարգի, գիտության զարգացման, մասնագիտական կրթության որակի ապահովման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործընթացում ունեցած ավանդի համար․ «Տասնամյակներ շարունակ, Մանկավարժական համալսարանում կերտել եք Ձեր կենսագրությունը, անմասն չմնալով հոգեբանական գիտության, գիտահետազոտական և մանկավարժական գործունեության ոլորտներում արժեքներ ստեղծելուց։ Դուք ունեք Ձեր բացառիկ տեղը՝ որպես հոգեբան, գիտնական ու մանկավարժ, կրթության ու գիտության կառավարիչ»,-նշեց ՀՊՄՀ Գիտական քարտուղար, պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։

Ռեկտոր Գևորգյանն անսպասելի և պատվաբեր համարեց այն՝ ընդգծելով՝ գերատեսչական մի շարք պարգևներ ունի․«Խաչատուր Աբովյան» մեդալը բուհի միակ ու առաջին պարգևն է։

Գիտական խորհրդի նիստում համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի, մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար «Մանկավարժական համալսարան» և ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով պագրատրվեցին նախկին և ներկա աբովյանականներ, բուհի գործընկեր կրթական կառույցի ներկայացուցիչներ։

Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝ նվիրյալների շնորհիվ է, որ բուհն ունի իր մասնագիտական ձեռագրաբանությունն ու ուրույն տեղը բարձրագույն մասնագիտական կրթական համակարգում․«Նվիրված աշխատանքի ու գործունեության արդյունքում է, որ տարեցտարի բարձանում է բուհի հեղինակությունը»։

Գիտական խորհրդի օրակարգային առաջին հարցի՝ բուհում 2022 թվականին իրականացված աշխատանքների և 2023թ. բյուջեի մասին զեկուցեց Սրբուհի Գևորգյանը։

Բուհի ղեկավարը ներկայացրեց 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունը՝ դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, բաշխվածությունը, եկամուտների և ծախսերի կատարողականը, 2023 թվականի բյուջեի նախահաշիվը, ինչը Գիտական խորհուրդն ընդունեց ի գիտություն։

Ռեկտորը բուհի ֆինանսական շարժը դրական գնահատեց, սակայն մտահոգիչ համարեց հանրապետության բուհերում, այդ թվում՝ ՀՊՄՀ-ում, դիմորդների և ընդունվողների թվի նվազումը։

Վստահեցրեց՝ ֆինանսական միջոցները փորձում են արդյունավետ օգտագործել՝ ի շահ որակյալ կրթության և բուհի կայունության։

Բուհի հոբելյանական տարում՝ 2022 թվականին, կառույցի վարած քաղաքականության, ուսումնագիտական ոլորտում նորարարությունների ու ձեռքբերումների մասին Գիտական խորհրդի անդամները ծանոթացան տեսաֆիլմից։

ՀՊՄՀ ռեկտորը կարևոր ձեռքբերում համարեց բուհի՝ 2022-2025 թթ․ ռազմավարական ծրագրի հաստատումը, մասնագիտական կրթական ծրագրերի ամբողջական վերանայումն ու կրթական վերջնարդյունքների համապատասխանեցումը ՀՀ կրթության մինչև 2030 թ․ ռազմավարական ծրագրի հայեցակարգին։

Գիտահետազոտական կենտրոնի հաշվետվությունը՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող բազային ծրագրերի մասին զեկուցեց ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի Կամո Վարդանյան։

Պրոֆեսոր Վարդանյանը ներկայացրեց 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ի ֆինանսավորվող բազային ծրագրերի ցանկը, ծրագրերի քանակն ՝ ըստ տարիների, անդրադարձավ բուհի բազային լաբորատորիաների գործունեությանն ու իրականացրած մեծածավալ աշխատանքին։

Գիտական խորհուրդը, գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի կատարման գործընթացը գնահատեց բավարար, որոշեց՝ բարձրացնել գիտական հետազոտությունների արդյունավետությունը՝ շարունակելով մասնակցել ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի հայտարարած նոր ֆինանսավորվող ծրագրերի մրցույթներին։

Գիտական խորհուրդը դրական գնահատեց «Հեռավար ուսուցման հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը կորոնավիրուսային համաճարակի պայմաններում» ծրագիրը։

Գիտահետազոտական կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ գիտական ծրագրերում ընդգրկվածությունը պետք է առավելագույնս լինի՝ լավագույն արդյունքներ ունենալու համար։

Բուհի ղեկավարը մաղթեց, որ գիտակրթական գործընթացները շարունակական լինեն․այդ է պահանջում նաև բուհի գիտական ներուժի ճանաչելիության սահմանների ընդլայնումը։

Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հանձնեց դոցենտի վկայականներ, շնորհավորեց ամսվա հոբելյարներին և ներկաներին գալիք տարում մաղթեց խաղաղություն՝ ընդգծելով՝ դրանով է պայմանավորված բուհի հաջորդ տարվա ձեռքբերումները։