ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհուրդն ամփոփեց անցնող տարին
29.12.2017
Գիտական խորհուրդն ամփոփեց  անցնող տարին

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլյանված նիստը, որի ընթացքում բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես եկավ հաշվետվությամբ՝ խորհրդի անդամներին, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացնելով 2017 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը, ինչպես նաև 2018 թվականի բյուջեի նախահաշիվը:

Բուհի ղեկավաըը 2013-2017թթ. դրամական մուտքերի և ելքերի դինամիկայում թվերի որոշակի փոփոխությունը պայմանավորեց հանրապետությունում ուսանողների թվի նվազմամբ.«Չնայած տարիների շարունակ Մանկավարժականում ուսանողների թիվն անփոփոխ է, բայցև առաջիկա ուսումնական տարում տարում ևս հնարավոր չի լինի խուսափել ուսանողների թվի սպասվող նվազումից: Այնուամենայնիվ, առաջիկա ուսումնական տարում վարձավճարներն անփոփոխ կմնան»,-Գիտական խորհրդի նիստում պաշտոնապես հայտարարեց Ռուբեն Միրզախանյանը:

Վերջինս բացարձակ ճշմարտություն համարեց այն, որ վերջին տարիներին բուհի ուսումնական գործընթացում նկատվել է լուրջ առաջընթաց, կարևոր գործընկերային կապեր են ստեղծվել նաև միջազգայնացման ոլորտում, իսկ ուսանողական կյանքն այլ հարթությունում է:

Ռեկտորը խնդրահարույց համարեց հեռակա ուսուցման համակարգում տարեցտարի նվազող դիմորդների թիվը, ինչպես նաև անդրադարձավ էլեկտրոնային ուսուցման և պրակտիկայի համակարգերում բովանդակային կողմի պահպաման կարևորությանը:

Գիտական խորհուրդը 2017 թվականին համալսարանում իրականացված աշխատանքների մասին բուհի ղեկավարի հաշվետվությունն ընդունեց ի գիտություն:
Ընթացիկ տարում բուհում վարած քաղաքականության, ուսումնագիտական ոլորտում նորարարությունների, ձեռքբերումների մասին ամբողջական տեղեկատվություն ներկաները ստացան նաև դիտելով բուհի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմը:

Գիտահետազոտական կենտրոնի 2017 թվականի գիտական գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց Կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը:

Բանախոսը ներ կայացրեց ընթացիկ տարում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ կողմից ֆինանսավորվող բազային և թեմատիկ ծրագրերի ցանկը՝ ընդգծելով, որ այդ առումով լուրջ շարժընթաց կա.«Մանկավարժականում գիտական աշխատանքներ են կատարվում թեմատիկ, բազային ֆինանսավորմամբ, ամբիոնային գիտական հետազոտությունների, գրանտային ծրագրերի, նախասիրությունների շրջանակներում: Գիտահետազոտական կենտրոնի գործառույթներն են՝ գիտական, գիտահետազոտական, գիտամեթոդական, փորձագիտական և տեխնոլոգիական աշխատանքների համակարգումը, գիտական ներուժի զարգացումն ու միջազգային ծրագրերում դրա արդյունավետ օգտագործումը»:

Կենտրոնի ղեկավարը նշեց նաև, որ կառույցը կազմակերպում է գիտական ծրագրերի, մրցույթների հայտերի ներկայացում.2018 թվականին ներկայացված 14 հայտից, ֆինանսավորվել է 11-ը, իսկ դրանցից կարևորագույնը բուհում Շախմատի ինստիտուտի հիմնադրումն է, ինչը նորույթ է ոչ միայն Հայաստանի այլև տարածաշրջանի համար:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց բուհի Շախմատի և սպորտի ամբիոնի նախաձեռնությունն ու Կառավարության որոշումը՝ բուհում միջազգային գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման վերաբերյալ:

Բուհի ղեկավարը կարևորեց նաև այդ աշխատանքներում լավագույն գիտական ներուժի, մագիստրոսների գործուն մասնակցությունը:

Կամո Վարդանյանը խոսեց նաև ՀՊՄՀ կատարած արտասահմանյան գործընկերների այցի, բուհում և Արցախի պետական համալսարանում անցկացված վերապատրաստումների, կազմակերպված միջազգային գիտաժողովների, հրապարակված աշխատանքների, միջազգային և գրախոսվող պարբերականներում տպագրված հոդվածների, գիտական հանդեսների գործունեության մասին:

Վերջինս կարևորեց գրքերի շնորհանդեսների վերաբերյալ կառույցի նախաձեռնությունը՝ նկատելով, որ այդկերպ գիտական կարևոր նշանակության ձեռնարկները հասանելի են դառնում նաև հանարության լայն շերտներին:

Կամո Վարդանյանը խոսեց դատահոգեբանական փորձաքննությունների, մագիստրատուրայում և հետբուհական կրթության համակարգում սպասվող փոփոխությունների և նորարարությունների մասին:

Գիտական խորհուրդը բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների կատարման գործընթացը բուհում գնահատեց բավարար և որոշում ընդունեց բարձրացնել գիտական գործունեության արդյունավետությունը, խրախուսել միջազգային գիտական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, նպաստել դրանցում մագիստրոսների, ասպիրանտների, հայցորդների գործուն մասնկացությունը:

Ավանդույթի համաձայն բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Գիտական խորհրդի նիստում շնորհավորեց հոբելյարներին, ինչպես նաև ներկաներին հղեց իր ամանորյա շնորհավորանքը՝ մաղթելով երջանկություն, առողջություն և արդյունավետ աշխատանք: