Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը:
Նիստի օրակարգային 1-ին հարցը Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչի ընտրությունն էր։ Առաջադրված միակ թեկնածուն` ամբիոնի վարիչի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սյուզաննա Գրիգորյանը։
Գիտական խորհուրդը լսեց թեկնածունին, նրա առաջարկած ծրագրային դրույթները, պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում նախատեսած անելիքները, ապա քվեարկեց՝ փակ, գաղտնի։ 44 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ՝ ամբիոնը կշարունակի պաշտոնավարել Սյուզաննա Գրիգորյանը։
Բուհում 2024 թվականին իրականացված աշխատանքների և 2025 թվականի բյուջեի մասին զեկուցեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Բուհի ղեկավարը ներկայացրեց 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը՝ դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, բաշխվածությունը, եկամուտների և ծախսերի կատարողականը, 2025 թվականի բյուջեի նախահաշիվը, ինչը Գիտական խորհուրդն ընդունեց ի գիտություն։
Ռեկտորը դրական գնահատեց բուհի ֆինանսական շարժը․ վստահեցրեց՝ ֆինանսական միջոցները փորձում են արդյունավետ օգտագործել՝ ի շահ որակյալ կրթության և բուհի կայունության։
Սրբուհի Գևորգյանը դրական համարեց նաև 1-ին կուրս ընդունված դիմորդների թիվը, մասնավորապես՝ հատուկ կրթության և ԲՏՃՄ ոլորտներում, սակայն ընդգծեց, որ ինչպես հանրապետության մյուս բուհերում, դիմորդների և ընդունվողների թվի նվազում կա։
Բուհի վարած քաղաքականության, ընթացիկ տարվա գործունեության, ուսումնագիտական ոլորտի նորարարություններին, միջազգային համագործակցության ձեռքբերումներին Գիտական խորհրդի անդամները ծանոթացան նաև Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի պատրաստած տեսաֆիլմից։
Գիտահետազոտական կենտրոնի հաշվետվությունը՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող բազային ծրագրերի մասին զեկուցեց ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը։
Պրոֆեսոր Վարդանյանը ներկայացրեց բուհի բազային լաբորատորիաների գործունեությունը, իրականացված մեծածավալ աշխատանքները, այդ թվում՝ մասնակցությունը գիտաժողովներին, միջազգային գիտաչափական շտեմարանի պարբերականներում հրատարակումները։ Գիտական խորհուրդը գործընթացը գնահատեց բավարար։
Ընթացիկ հարցերում Գիտական խորհրդի անդամները լսեցին նաև բուհի անվանափոխության վերաբերյալ հարցը։ Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց առաջարկների վերաբերյալ ստորաբաժանումների կարծիքները, դիտարկումները։ Արդյունքում՝ 45 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հավանության արժանացավ Խ․ Աբովյանի անվան կրթության և հասարակական գիտությունների հայկական պետական համալսարան անվանումը։
Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, իսկ գալիք նոր տարվա առթիվ մաղթեց խաղաղություն, գիտական և ստեղծագործական կարողությունների զարգացում և մեծ ձեռքբերումներ։