Մանկավարժական համալսարանում կայացավ 2022-2023 ուսումնական տարվա Գիտական խորհրդի ամփոփիչ նիստը։
ՀՊՄՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները խորհրդի անդամներին ներկայացրեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը՝ նշելով, որ գործընթացին մասնակցել է 1413 շրջանավարտ։
Պրոռեկտորը հավելեց, որ ուսումնասիրվել են քննական հանձնաժողովների նախագահների, անդամների դիտարկումներն ու նկատառումները, ապա ներկայացրեց որոշ առանցքային հարցերի շուրջ շեշտադրումներ։
Նաիրա Սաֆարյանը կարևորեց ավարտական թեզերի առաջադրվող թեմաների արդիականությունը, դրանցում մանկավարժահոգեբանական հիմնախնդիրների առկայությունը, առաջարկեց ամփոփիչ ատեստավորման գործընթացում ներդնել բազմագործոն՝ տարբերակված գնահատման համակարգ․ «Անհրաժեշտ է առավել տեսանելի դարձնել հետազոտական աշխատանքի իրականացման գործընթացը, համադրել հետազոտական պրակտիկայի արդյունքներին և առավել ինտենսիվ աշխատել ուսանողների հետ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով առարկայի դասավանդման մեթոդիկայի հարցերին»,-հավելեց նա։
Գիտական խորհուրդն առաջարկեց Ֆակուլտետների խորհուրդներում և ամբիոնների նիստերում քննարկել արված առաջարկություններն ու դիտողությունները, առաջարկներ ներկայացնել համալսարանի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգում լրացումներ կատարելու վերաբերյալ։
Որակյալ կրթական, գիտահետազոտական գործունեություն, կառավարման գործընթացների կատարելագործում, մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում, դիմորդներ, ուսումնառողներ և կարիերայի կառավարում, միջազգային համագործակցություն, որակի ապահովում և այլն. համալսարանի գործունեության ռազմավարական ծրագիրը Գիտական խորհրդում ներկայացրեց Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը:
Բանախոսն անդրադարձավ ռազմավարական ծրագրի ուղղություններին, խնդիրներին, գործողություններին ու նպատակներին։ Նա հավալեց, որ ներկայացվել են հստակ, չափելի և իրատեսական նպատակներ, ինչպես նաև զուգահեռաբար մշակվել և հաստատվել է գործողությունների իրականացման պլանն՝ ըստ պատասխանտուների և թիրախային խմբերի։
Սամվել Ասատրյանն իր ելույթում անդրադարձավ նաև բուհի առաքելությանը և նշեց, որ այս առումով ևս հաշվի են առնվել նախորդ հավատարմագրման գործընթացում փորձագետների դիտարկումները․ աշխատանքային խումբը վերանայել է ՄՈՒՀ-ի առաքելությունը՝ հստակեցնելով գործունեության տիրույթները, որակավորումները և ուսումնառության մեթոդները․«Արդի կրթական ենթակառուցվածքների բարելավմանը զուգահեռ՝ բուհը պլանավորում է զարգացնել և ընդլայնել էլեկտրոնային ուսուցման համակարգերը։ Սահմանվել է մի քանի խնդիր, կարևոր ու հավակնոտ գործողություն․ դրանց իրականացման արդյունքում կունենանք արդյունահեն էլեկտրոնային կրթություն, ինչպես նաև կառավարման էլեկտրոնային համակարգերի լայն կիրառություն»,-նշեց Ասատրյանն ու հավաստիացրեց՝ նախանշված նպատակների իրագործման դեպքում կունենանք որակապես նոր բուհ, արդիականացված միջավայր և ապագային միտված կրթություն։
ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն իր դիտարկումները ներկայացրեց քննարկվող հարցերի վերաբերյալ՝ մեկ անգամ ևս ընդգծելով՝ Մանկավարժական համալսարանը պետք է հավատարիմ լինի իր առաքելությանը, ազգային արժեքների և հայկական դպրոցի պահպանմանը, գիտելիքի և հմտությունների տիրապետմանը, որոնցով պայմանավորված է լինելու ուսուցման արդյունավետությունը․«Մանկավարժականի համար այսօր առաջնային է նոր հայեցակարգի ձևավորումը, իր տիրույթում հետազոտական դաշտի ուսումնասիրումը, դիտարկումը։ Բուհից սպասելիքները շատ են, շատ են նաև անելիքները․ մենք պետք է զինված լինենք գործիքակազմով, կարողություններով, ժամանակակից հետազոտություններ կատարելու, խնդիրներ լուծելու կամ առաջարկելու հնարավորություններով։ Ռազմավարական ծրագիրը կառուցված է այդ խնդիրների ներքո․բոլորիս ռեսուրսը պետք է ուղղված լինի բուհի առաքելության և այսօրվա կրթական ռեֆորմի միասնական լուծման կարողությանը»։
Գիտական խորհրդի անդամների փակ քվեարկության արդյունքում` Օտար լեզուների ուսուցման, Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնների դասախոսներ Տաթև Գևորգյանին, Աիդա Կարապետյանին և Աննա Սիմոնյանին շնորհվեց դոցենտի կոչումներ։
Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների թեմաները։
Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ավանդույթի համաձայն, շնորհավորեց ամսվա հոբելյարներին, իսկ նիստի անդամներին նոր ուսումնական տարում մաղթեց արդյունավետ աշխատանք, մասնագիտական և ստեղծագործական նոր ձեռքբերումներ։