ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ՀՊՄՀի-ի Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը
27.12.2018
Կայացավ ՀՊՄՀի-ի Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

Գիտական խորհուրդը հաստատեց 2019-ի բյուջեի նախահաշիվը

Կայացավ Մանկավարաժական համալսարանի Գիտական խորհրդի տարեվերջյան ընլայնված նիստը, որին մասնակցում էին բուհի պրոֆեսորական կազմն ու ուսանողները:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձավ բուհի ուսանողների թվին և դրանով պայմանավորված՝ նաև հաստատության ֆինանսական վիճակին և հաջորդ ուսումնական տարվանից ուսման վարձերը բարձրացնելու պատճառներին:

Ռեկտորն առանձնակի կարևորեց առաջիկա ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների ներգրավումը և ընդգծեց, որ այդ գործում մեծ է ամբիոնների աշխատանքը՝ սկսելով ուսումնական պլանների, մասնագիտությունների առարկայական ցանկի թարգմանությունից:

«Մանկավարժական համալսարանը բուհական համակարգում լուրջ մրցակցության մեջ է. պետք է հնարավորինս շատ կիրառել ուսուցման առաջավոր ձևերը»,-նշեց ռեկտոր Միրզախանյանն ու հավելեց, որ Google Classroom էլեկտրոնային հարթակը լուրջ առավելություն է օտարերկրյա դիմորդների ներգրավման համար:

Ռեկտորը հավաստիացրեց, որ բուհը հաջորդ ուսումնական տարում ևս շարունակելու է վարել ուսանողակենտրոն քաղաքականություն, որ ուսանողները հնարավորություն ունենան շփվել, մաս կազմել աշխարհին և լինեն ավելի գրագետ:

Տարեվերջյան ընդլայնված նիստում ռեկտորը ներկայացրեց նաև անցնող տարվա դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, բաշխվածությունը, ընդհանուր ուսանողների և 1-ին կուրս ընդունվածների թիվը ըստ տարիների, ինչպես նաև 2019-ի դրամական ելքերի բաշխվածությունն ու 2019-ի բյուջեի նախահաշիվը:

Գիտական խորհուրդը ներկայացվածն ընդունեց ի գիտություն:

Ներկայացվեց 2019-ի գիտական ձեռքբերումները

Անցնող տարում Մանկավարժական համալսարանի գիտական ձեռքբերումները ներկայացրեց Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական թեմաների կատարմանը:
Ամփոփելով ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի, Մանկավարժականի կողմից ֆինանսավորվող լաբորատորիների կատարած աշխատանքները, միջազգային դրամաշնորհային ծրագրերի արդյունքները՝ Կամո Վարդանյանը խոսեց նաև կենտրոնի, ինչպես ՀՊՄՀ-ում, այնպես էլ այլ բուհերում իրականացրած պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների մասին:
Միջազգային գիտաժողովների կազմակերպում, 41 քրեական գործերի փորձաքննություններ, ներգրավում միջազգային գրախոսվող պարբերականներում, մագիստրոսական աշխատանքների բանկի ստեղծում և այլն. Կամո Վարդանյանը ներկայացրեց 2018-ին կենտրոնի իրականացրած աշխատանքները՝ նախանշելով 2019-ի անելիքները:
Կենտրոնի ղեկավարը կարևորեց հատկապես «Իմաստություն» հանդեսի՝ Scopus գիտաչափական շտեմարանում ընդգրկվելը՝ այն համարելով ոչ միայն բուհի, այլև մեր երկրի համար գիտական շոշոփելի ձեռքբերում, իսկ մագիստրոսական թեմաների բանկի ստեղծումը հնարավորություն տվեց խուսափել տարբեր տարիներին թեմաների կրկնությունից: Ի դեպ, անելիքների շարքում Կամո Վարդանյանն առանձնացրեց նաև բակալավրիատի ավարտական աշխատանքների համար ևս թեմաների և աշխատանքների բանկ ստեղծելու և հետբուհական կրթության համակարգում նույնպես օտարերկրացիներին ընդգրկելու կարևորությունը:
Գիտական խորհուրդը պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների կատարման գործընթացը համալսարանում գնահատեց բավարար և որոշեց շարունակելով մասնակցել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարաված բազային և թեմատիկ ֆինանսավորվող ծրագրերի մրցույթներին՝ բարձրացնել գիտական գործունեության արդյունավետությունը:

Ընթացիկ հարցեր

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց 2019-2020 ուսումնական տարվա մագիստրոսական կրթական ծրագրերի ըստ մասնագիտությունների հեռակա համակարգերի ուսման վարձերը, նույն ուսումնական տարվա համար՝ առկա համակարգում օտարերկրյա ուսանողների ուսման վարձերը, ինչպես նաև մուլտիմեդիա գիտահետազոտական լաբորատորիայի կանոնադրությունը:
Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին և դոցենտի գիտական կոչման վկայագիր շնորհեց Սոնա Դավթյանին, Քնարիկ Աբրահամյանին, Արմինե Բաղդասարյանին, Քնարիկ Ուզունյանին, Աղվան Մխիթարյանին, Դավիթ Պողոսյանին և Արմինե Միքայելյանին:
Նիստի ավարտին ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ներկաներին տոների առթիվ՝ մաղթելով, որ 2019-ը լինի ստեղծագործական նվաճումների, բարեկեցության և ընտանեկան երջանկության տարի: