ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական նստաշրջան՝ «Հայ-ֆրանսիական գրապատմական առնչություններ»
02.11.2018
Գիտական նստաշրջան՝ «Հայ-ֆրանսիական գրապատմական առնչություններ»

Մանկավարժական համալսարանի Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայ-ֆրանսիական գրապատմական առնչություններ» խորագրով գիտական նստաշրջան:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց գիտական նստաշրջանի մասնակիցներին և խոսեց հայ-ֆրանսիական հարաբերությունների, տարբեր ասպարեզներում վճռորոշ դեր ունեցած հայազգի երևելիներին: Նա ընդգծեց, որ 19-20-րդ դարերում հայ-ֆրանսիական հարաբերություններում մեծ դեր ունեին ոչ միայն ֆրանսիացիները, այլև ֆրանսաբնակ հայերը, որոնց մեջ առանձնանում է Շառլ Ազնավուրի թողած ժառանգությունը երկու երկրների մշակույթներում:

Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն իր զեկույցում անդրադարձավ Նար-Դոսի և Անրի Թրուայայի կերպարների տիպաբանական ընդհանրության որոշ դրվագներին: Պրոֆեսորը ցավով նկատեց, որ հայկական գրական միջավայրում այսօր էլ դժվարությամբ են բարձրաձայնում Անրի Թրուայայի՝ 20-րդ դարի ֆրանսիական արձակի մեջ բացառիկ նվաճումներ արձանագրած գրողի անունը:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն իր՝ «Ժան-Պիեռ Մահեն՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի թարգմանիչ» զեկույցում անդրադարձավ Մաշտոցի՝ եռալեզու այբուբեն ստեղծելու դեմ գիտական բանավեճերին և ընդգծեց, որ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի առաջին թարգմանությունն իրականացրել է Մկրտիչ Էմինը Վիկտոր Լանգլուայի հանձնարարությամբ:

Անդրադառնալով տարբեր գրքերում ու ամսագրերում Մաշտոցի կողմից երեք ազգերի համար այբուբեն ստեղծելու կողմ և դեմ վարկածներին՝ Աելիտա Դոլուխանյանը հիմնավորեց այն հանգամանքը, որ Կովկասի երեք ժողովուրդների համար այբուբենի ստեղծմամբ Մաշտոցը ձգտել է համերաշխության:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, դոցենտ Աշոտ Գալստյանն էլ իր զեկույցում անդրադարձավ Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսի կնոջ՝ Էմիլի Կարլիեի «Կոտորածների մեջ» օրագրին, ուր կան և՛ պատմական փաստեր, և՛ իրական դեպքեր 1894-1895 թթ. կոտորածների մասին, որոնց ականատեսն են եղել հյուպատոս ամուսինները:

Այլ զեկույցներում բանախոսներն անդրադարձան նաև 17-18-րդ դարերի հայկական ուղեգրության մեջ հայ-ֆրասիական հարաբերություններին, ֆրանսիական գրական ուղղության ակունքներից սնված արևմտահայ գրական զարգացումներին, այդ համատեքստում ստեղծված գրականությանը և այլն:

«Հայ-ֆրանսիական գրապատմական առնչություններ» խորագրով գիտական նստաշրջանի կազմակերպիչների և մասնակիցների կարծիքով՝ այն հայ-ֆրանսիական զարգացող և ամրապնդվող գրական-մշակութային փոխազդեցությունների համատեքստում կարևոր ձեռնարկ էր: