ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական նստաշրջան՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին
11.10.2019
Գիտական նստաշրջան՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ու Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հետ համատեղ անցկացվեց հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտական նստաշրրջան:

Բանաստեղծուհու, մեծ հայրենասերի, հրապարակախոսի, մանկագրի, թարգմանչի և հասարակական գործչի գրական ժառանգությունն ու հասարակական գործունեությունն արժևորեցին Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:

«Սիլվա Կապուտիկյանն իր գիտակցական ողջ կյանքում որոշակի չափանիշ էր հասարակության համար, մարդ-անհատ, որն իր ըմբռնումներով հակադրվեց ժամանակի անարդարություններին, բայց ոչ երբեք քաղաքական անհատներին: Իր կյանքն ինտեգրելով հասարակական կյանքին՝ նա նաև իր ստեղծագործությունների օրինակով փաստեց, որ պոեզիան միշտ էլ հարթում է իր ճանապարհը»,-նշեց ակադեմիկոս Յու. Սուվարյանն ու հիշեցրեց որ Սիլվա Կապուտիկյանը չափազանց ակտիվ էր ոչ միայն իբրև գրող, այլև հասարակական գործիչ:

«Բանաստեղծուհու հայրենասիրական գործունեությունն իր գագաթնակետին հասավ ղարաբաղյան շարժման ընթացքում: Մինչև իր կյանքի վերջը նա իր ծանրակշիռ խոսքն ասաց որպես հայրենասեր քաղաքացի, որը մտահոգված էր իր երկրի խնդիրներով»,-հավելեց Յու. Սուվարյանը:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանն էլ հավելեց, որ այս օրերին Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը. Սիլվա Կապուտիկյանը համալսարանական է և համալսարանի տարեկիցը. «Կապուտիկյանը խորհրդային բազմամիլիոնանոց երկրի բանաստեղծն էր և այդ երկրի յուրաքանչյուր ժողովուրդ նրա հանդեպ պաշտամունքի հասնող սեր էր տածում: Նա նախ և առաջ հայ բանաստեղծուհի էր, որը մտահոգված էր իր երկրի հոգսերով: Բանաստեղծուհին այսօր էլ ներկա է իր պատգամներով՝ մեր ժողովրդին բազում փորձություններից հետ պահելու իր մայրական զգացողությամբ»: 

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էլ իր ելույթում արժևորեց բանաստեղծուհու գրական աշխարհը՝ անդրադառնալով նրա պոեզիային բնորոշ ազգային նկարագրի շեշտվածությանն ու քաղաքական խիզախությանը. «Սիլվա Կապուտիկյանի համար գրելը բերկրանք էր, ոգեկան հորիզոններ որոնելու ուրույն ճանապարհ»: 

Ներկայացվեցին նաև բանաստեղծուհու վերաբերյալ հուշեր, զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր- պրոֆեսորներ Աելիտա Դոլուխանյանը, Ազատ Եղիազարյանը, Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածուներ, Արմենուհի Դեմիրճյանը, Լիլիթ Հովսեփյանը, Ռուզան Դոլուխանյանը, Գայանե Մարդյանը, Գայանե Հակոբյանը, Մայա Գրիգորյանը, Դավիթ Գյուլզադյանը:

«Նա հզոր տաղանդի տեր գրող, եզակի հրապարակախոս, հասարակական գործիչ էր, չափազանցություն չի լինի եթե ասենք որ նա 20-րդ դարի ամենանշանավոր հայ բանաստեղծուհին է», նշեց պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ու ներկայացնելով «Քարավանները դեռ քայլում են և հայ միջնադարյան ուղեգրությունները» խորագրով զեկուցումը՝ նշեց, որ բանաստեղծուհին ուղեգրության էջերից շարունակ պատգամում է լինել աշխատասեր, ձգտել ընդօրինակել ուրիշ ազգերի լավագույն գծերը՝ միաժամանակ մնալ խորապես ազգային:

ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսների հոդվածները վերաբերում էին բանաստեղծուհու սիրային քնարերգության միջնադարյան քնարերգության հետ կապին, դպրոցական ծրագրերում Ս. Կապուտիկյանի պոեզիային, մանկագրության դաստիարակչական արժեքին, հրապարակախոսության առանձնահատկություններին ու հասարակական հնչեղությանը: 

«Սիլվա Կապուտիկյանի մանկավարժական ու բարոյական դասերը» հոդվածների հոբելյանական ժողովածուն ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսները նվիրել են հայ մեծ բանաստեղծուհու և մեծ հայրենասերի 100-ամյակին:

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է՝ վստահեցրին գիտական նստաշրջանի մասնակիցները, սկիզբ, որի շարունակականության մեջ արժանին պիտի մատուցվի 20-րդ դարի մեծագույն բանաստեղծուհուն:

Լուսանկարները՝ www.armenpress.am