ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական քննարկումներ՝ դատահոգեբանական փորձաքննության շուրջ
25.04.2024
Գիտական քննարկումներ՝ դատահոգեբանական փորձաքննության շուրջ

Մանկավարժական համալսարանում կայացավ «Անձի դատահոգեբանական փորձաքննություն.տեսություն և պրակտիկա» հանրապետական 2-րդ գիտաժողովը։

Այն նախաձեռնել էին ՀՊՄՀ Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոններն ու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժինը։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը գիտաժողովին հատուկ նշանակություն տալով, նկատեց, որ վերջին շրջանում դատահոգեբանական փորձաքննության ոլորտում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև միջազգային պրակտիկայի շրջանակում տեղի ունեցող մեթոդաբանական, ընթացակարգային, կառուցվածքային վերանայումները պահանջում են հիմնարար մոտեցումներ և առկա խնդիրների լուծումներ։

Նա կարևորեց, որ այդ գործընթացներում հոգեբանական, կրթամանկավարժական գործունեությունից զատ, իրենց ներդրումն ունեն դատահոգեբանական փորձաքննության գործընթացում ներգրավված գիտաժողովի մասնակիցները․«Այսօր քննարկվող խնդիրները կարող են նպաստել օրենսդրության և սոցիալական միջավայրի փոփոխության համատեքստում փորձագետների գործունեության նորարարությունների վերաբերյալ գիտելքիների ձեռքբերմանն ու մասնագիտական աճին։ Այն հնարավորություն կտա բարձրացնել ինչպես հոգեբանական փորձաքննությունների իրականացման հմտությունները, այնպես էլ փորձագիտական գործունեության հարակից բնագավառներում փորձաքննական ժամանակակից հետազոտությունների ծանոթացումը, համալիր փորձաքնությունների իրականացումը»,-նշեց Սրբուհի Գևորգյանը։

Ռեկտորն անձի դատահոգեբանական փորձաքննությունների հիմնախնդրով գիտաժողովը կարևորեց նաև ամեն տարի քաղաքացիական և քրեական վարույթներում աճող հատուկ հոգեբանական գիտելքիների կիրառման անհրաժեշտության, ինչպես նաև մասնակիցների՝ մասնագիտական փորձառության ներկայացման, փորձաքննության արդի հիմնախնդիրների ուսումնասիրությունների վերաբերյալ սեփական տեսլականն ու դրանց լուծման նոր եղանականեր առաջարկելու տեսանկյունից։ Լիահույս է՝ ՀՊՄՀ-ն կդառնա ակադեմիական տիրույթի և գործնական մասնագետների երկխոսության համար հարթակ, որ փոփոխություններ կբերի դատահոգեբանական փորձաքննության ոլորտում։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը նշում է՝ ֆակուլտետի մասնագետներն արդեն 7 տարի իրականացնում են դատահոգեբանական փորձաքննություն՝ համագործակցելով տարբեր կառույցների հետ։ Նրա դիտարկմամբ՝ փորձաքննության տեսությունն ու պրակտիկան գիտելիքների և հմտությունների սառեցված գումար չէ, այլ կիրառական հոգեբանության կենդանի և զարգացող ոլորտ։ Գիտաժողովն արդիական է համարում օրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև դատահոգեբանական փորձաքննության տեսական, մեթոդաբանական հիմքերում փորձաքնության իրավասությունը բացահայտելու հնարավորության տեսանկյունից։

ՀՊՄՀ Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանն էլ գիտաժողովը բացառիկ համարեց և կարևորեց դատահոգեբանական փորձաքննությունների պրակտիկ փորձառության, հմտությունների, դեպքերի վերլուծությունների, շահագրգիռ կողմերի քննարկման և դրանց արդյունքում նոր գաղափարների ձևավորման տեսանկյունից։

Բանախոսն ընդգծեց՝ հոգեբանական փորձաքննությունների և, առհասարակ, դատական փորձաքննությունների ինստիտուտի կայացումը Հայաստանում պետք է ենթադրի փորձագիտական բոլոր կենտոնների զարգացմանը, ինչը հնարավորություն կտա օգնելու և մասնագիտական տիրույթում հասնելու հոգեբանական այնպիսի եզրակացությունների, որոնք հաճախ, որոշակի վարույթների դեպքերով, դատաիրավական, քրեաիրավական գործերում տարիների բողոքարկման, ձգձգվող խնդիրներ են ստեղծում։

Լևոն Սարգսյանը կարծում է՝ Մանկավարժականը, որ հոգեբանության ոլորտում տասնամյակների փորձառութուն ունի, իր ասելիքն ունի նաև դատահոգեբանական փորձաքննությունների ոլորտում ևս։ Ի վերջո, ՀՀ-ում գործող հոգեբան-փորձագետների մեծ մասը Մանկավարժականի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտն են։

Գիտաժողովին ներկա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն կարևորեց ոլորտի զարգացումը։ Գիտաժողովի՝ տեսություն և պրակտիկա բաղադրիչների համակցումը կարևոր է համարում․ դրանք սերտ փոխկապակցված երկու ոլորտ են, որ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող։

Արսեն Այվազյանը խոսեց մեր երկրում դատական հոգեբանության ոլորտի զարգացումների մասին՝ մեջբերելով օրենսդրական մի շարք փոփոխություններ։ Նա խոսեց պատասխանատու այս ոլորտում հոգեբանի ընդգծված դերակատարման վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ հստակ պահանջ է ամրագրված՝ ոլորտում ընդգրկել այն հոգեբաններին, որոնք Կառավարության սահմանած կարգով կանցնեն համապատասախան որակավորում․«Փոփոխությունները հաստատում են՝ դատական հոգեբանությունը զարգանում է օրենքի մակարդակով․ քննիչները, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները շատ անելիքներ ունեն։ Պետք է գիտակցել զարգացման կարևորությունը, որ օրենսդրական ձևակերպումները չմնան թղթի վրա, այլ կյանքի կոչվեն»։


ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Վարդան Մելիքբեկյանն էլ խոսեց գիտաժողովի գործնական կարևորության և նշանակության մասին՝ անդրադառնալով դատական հոգեբանության խնդիրներով հետաքրքրվածների լայն շրջանակին։

«Անձի դատահոգեբանական փորձաքննություն.տեսություն և պրակտիկա» հանրապետական 2-րդ գիտաժողովի լիագումար նիստին «Սուիցիդների դատահոգեբանական փորձաքննությունների յուրահատկությունների մասին» թեմայով զեկույցը ներկայացրեց ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Կամո Վարդանյանը։

Զեկուցողը խոսեց հիմնահարցի ուսումնասիրության համար դատահոգեբանական փորձաքննություն իրականացնողների կիրառած տարբեր և մեթոդների, ինքնասպանության տարբերակների ու դրդապատճառների բացահայտման, երեխաների, անչափահասների, ծերերի ինքնասպանություններին յուրահատուկ մասնագիտական մոտեցման մասին։

Կամո Վարդանյանը նկատում է՝ դատահոգեբանական փորձագետներին պետք է ներկայացվեն նոր պահանջներ․նրանք պետք է լինեն փորձառու և նեղ մասնագետներ, իսկ փորձաքննության արդյունքները պետք է կրեն ոչ թե հավանական բնույթ, այլ ձգտեն հաստատական գիտական հիմնավորված վերջնարդյունքի, ինչը կլինի նոր որակ սուիցիդների դատահոգեբանական փորձաքննության մեջ։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար Ռուբեն Աղուզումցյանը «Դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները» թեմայի շրջանակներում անդրադարձավ ոլորտի խնդիրներին և առանձնահատկություններին, դատահոգեբանական փորձագետի պատրաստմանն ու վերապատրաստմանը, գործընթացի դժվարություններին, առաջարկելով համակարգ, որը կարող է ապահովել հոգեբան-փորձագետների արդյունավետ և հուսալի մասնագիտական գործունեություն։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի զեկուցումը դատաբժշկական փորձաքննության հիմնախնդիրների շուրջ էր։

Նա խոսեց ինքնասպանությունների դրդապատճառների, տարատեսակների մասին, իր ելույթում կարևորեց գիտական գրականությունից, փորձագիտական գործիքներից ճիշտ օգտվելու անհրաժեշտությունը՝ ձևակեպումների և հետևությունների մեջ վստահ լինելու համար։
համար։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին, իսկ դատահոգեբանական փորձաքննության գործընթացում ընդգրկված տարբեր սուբյեկների հոգեբանական և վարքային առանձնահատկությունների, յուրահատկությունների, փորձագիտական գնատման վերաբերյալ զեկույցները շարունակվեցին «Քրեական գործերով անձի դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները» և «Քաղաքացիական գործերով անձի հոգեբանական փորձաքննության» մասնաճյուղերում։