ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Բառարաններն օգնում են մեզ, հեշտացնում մեր կյանքը». միջազգային գիտաժողով Մանկավարժականում
08.07.2021
«Բառարաններն օգնում են մեզ, հեշտացնում մեր կյանքը». միջազգային գիտաժողով Մանկավարժականում

«Բառարանը կարծես ժամանակի հասարակական զարգացման վեկտոր է, գրքերի գիրք»,-այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկած «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը նշեց բուհի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի ընթացքում պրոֆեսորն անդրադարձավ հայ բառարանների արդիականացմանը, ոլորտի խնդրահարույց հարցերը դիտարկեց գլոբալիզացիայի և ազգային գիտական զարգացման դրույթների համատեքստում, ընդգծեց տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը յուրաքանչյուր ոլորտի, այդ թվում՝ բառարանագրության զարգացման գործում։

Եռալեզու գիտաժողովի հետաքրքրության շրջանակում են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։

ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կամո Վարդանյանն էլ նկատեց՝ մարդն ունի բազմաթիվ պահանջմունքներ, որոնք առաջ են մղում նրան:

Դրանցից առաջինը հոգևոր պահանջմունքն է. այս գիտաժողովը դրա արտահայտումն է.«Գիտնականի համար նման գիտաժողովները հոգևոր պահանջմունքներ են»:

Պրոֆեսոր Կամո Վարդանյանը խոսեց նաև կառույցի արդյունավետ աշխատանքի, հայ և միջազգային գիտական հանրությանը ներառող գիտաժողովների կազմակերպման կարևորության մասին:

ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը վստահ է՝ նման գիտաժողովները լավ առիթ են գաղափարների փոխանակման, ինչպես նաև արածը ներկայացնելու և հեռանկարներն ուրվագծելու տեսանկյունից: Լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը նկատեց, որ այս կարգի գիտաժողովները նպատակ ունեն ոչ միայն ներկայացնելու Հայաստանի գիտական հանրության հետազոտությունների վեկտորական ուղղությունները, այլ դրանք մեծապես կարող են նպաստել արտերկրի հայագիտական կենտրոնների հետ կապերի ընդլայնմանն ու խորացմանը։

Լիագումար նիստում ներկաները լսեցին 3 զեկույց՝ Վաղարշակ Մադոյանին, Կարինե Աբրահամյանին և Նազիկ Հովհաննիսյանին:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանի զեկույցը համապարփակ բառարանի մասին էր՝ որպես ուղեցույց և ուսումնական նյութ:

Բանախոսը նկատում է՝ բառարաններն օգնում են մեզ, հեշտացնում մեր կյանքը.«Համակարգչային բառարաններ կան, սակայն դրանք հին են և թարմացման կարիք ունեն՚:

Պրոֆեսորը մեկնաբանեց իր կազմած բառարանի կառուցվածքային նրբությունները, ընդգծեց՝ անդրադարձել է բառի ուսումնասիրման բոլոր մակարդակներին և հավելեց՝ անչափ բարդ է խոսել փոխառությունների մասին.«Այս բառարանն ունի հատուկ մշակում ու մեթոդ, որը կարելի է օգտագործել նաև «Google» որոնողական համակարգում»,-ասաց պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը՝ եզրափակելով՝ բառարանը և´ տեղեկատու է, և ´ դասագիրք:

Արդի բառարանագրության խնդիրների և հնարավորությունների մասին զեկուցեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Կարինե Աբրահամյանը:

Զեկուցողն անդրադարձավ բազմալեզու բառարանների խնդրին՝ ընդգծելով դրանց կարևոր դերը միջմշակութային կապերի ամրապնդման գործում:

Պրոֆեսորը փաստեց՝ լեզվաբանությունը բոլոր գիտությունների առաջատարն է, ապա նկատեց՝ 20-րդ դարի 60-70-ականների քառահատոր ակադեմիական և Աղայանի բառարաններն արդիականացնելու խնդիր ունեն. թարմացվելով դրանք նոր կյանք կստանան.«Բառարան ստեղծելը տքնաջան, ծանր աշխատանք է, և ամենածանրը սկզբունքների մշակումն է»,-եզրափակեց Կարինե Աբրահամյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև էլեկտրոնային բառարանների թերություններին, կարևորեց բազային բառարանների վերանայումը, խոսեց հայերենի գանձաբառարանի ստեղծման, երկլեզու և եռալեզու տերմինաբանական բառարանների ստեղծման անհրաժեշտության մասին:

Լիագումար նիստի վերջին զեկուցող, բանասիրական գիտությունների թեկնածու Նազիկ Հովհաննիսյան էլ ներկայացրեց դարձվածային միավորներ նույնանիշների՝ 18-րդ դարի ձեռագիր մատյաններում:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում, որոնք համանախագահում էին դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը:

«Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, բուհի Լեզվաբանական հետազոտություններ գիտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ֆակուլտետի փոխդեկան Արտաշես Մարտիրոսյանը, ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Հակոբյանը:

Զեկուցողների շարքում էին նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Նարինե Հեքեքյանը, ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ՀԱՊՀ-ի լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրեն Հասմիկ Պետրոսյանը, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ լեզուների ամբիոնի վարիչ, դոցենտ Հենրիետա Սուքիասյանը, ՙՏաթև՚ գիտակրթական համալիրից բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Զաքարյանը:

Միջազգային գիտաժողովը կշարունակվի վաղը՝ տեղափոխվելով առցանց հարթակ.պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի նախագահությամբ մասնակիցները կլսեն մնացած զեկույցները: