ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով` «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին»
08.02.2021
Գիտաժողով` «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին»

Մանկավարժական համալսարանում կայացավ «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին» խորագրով գիտաժողով: Այն կազմակերպել էր ՀՊՄՀ-ի «Հայաստանը 1920-1991 թթ.» գիտական լաբորատորիան` ՀՀ ԳԱԱ պատմության և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտների հետ համատեղ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ընդգծեց` Երկրորդ համաշխարհային պատերազմը մեր ժողովրդի համար եղել է հայրենական պատերազմ, քանի որ հայը պաշտպանել է իր հայրենիքը. «1941-1945 թթ-ի պատերազմը մեզ համար իսկապես հայրենական էր. հայ ժողովուրդը պատերազմի ընթացքում թուրքական հրոսակախմբերի` արդեն իսկ ծրագրված հարձակումից պաշտպանում էր Խորհրդային պետության մաս կազմող իր հայրենիքը`Հայաստանը: Հայ-թուրքական սահմանին կենտրոնացված էին այդ պետության 25 դիվիզիաներ, որոնք պատրաստ էին հատել սահմանը և իրականացնել նոր եղեռն, ավելի սոսկալի, ավելի ողբերգական` իր հետևանքներով: Պատերազմը Մեծ հայրենական էր մեր ժողովրդի համար, քանզի ինչպես 20-րդ դարում, այնպես էլ մեր ողջ պատմության ընթացքում մենք`հայերս, չենք ունեցել ժողովրդի զանգվածային այնպիսի մասնակցություն ռազմական գործողությունների և թիկունքի ապահովման աշխատանքների, ինչպես 1941-45 թթ-ին»,-նշեց պատմական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Ըստ նրա, այսօր երկրորդ համաշխարհային պատերազմում մեր ժողովրդի մասնակցության մասին պատմագիտական ուսումնասիրություններն ավելի քան արդիական են. գիտաժողովը կոչված է որոշ չափով լրացնելու այդ բացը:
Ռեկտորը ևս մեկ անգամ արձանագրեց, որ երրորդ հանրապետության շրջանում` տարբեր դիրքորոշում ունեցող իշխանությունների օրոք, հայ ժողովուրդն ունեցել է և ունի մեծագույն հարգանքի արժանի պատմական հիշողության դրսևորում դեպի Մեծ հայրենականի հիշատակը հավերժացնող հուշարձանները, որոնք վեր են խոյանում մեր երկրի տարբեր բնակավայրերում:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը գիտաժողովը հետպատերազմյան ժամանակահատվածում անցկացնելը խորհրդանշական համարեց և անդրադարձավ Խորհրդային Միության դեմ հիտլերյան Գերմանիայի սանձազերծած Երկրորդ աշխարհամարտի չմոռացվող պատմության դասերին: Այդ պայքարում նա առանձնակի կարևորեց հայ ժողովրդի մասնակցությունը, արժևորեց նրա ռազմական տաղանդի և սխրանքի դրսևորումներն ու հատկապես ավանդը հաղթանակի մեջ:

«Այսօր խնդիր է դրված պաշտպանել ոչ միայն հայրենիքի սահմանները, այլև պատմությունը: Ով չի հիշում պատմությունը, նա ունի մռայլ ապագա: Մեր հայրերի ու պապերի սխրանքը պարտավորեցնում է՝ չթողնել, որ կրկնվի այդ ողբերգությունը»,-նշեց Սերգեյ Կոպիրկինն ու արդյունավետ աշխատանք մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան, խոսելով Երկրորդ աշխարհամարտի պատերազմական գործողությունների ու արհավիրքի մասին, անդրադարձավ պարտիզանական շարժման, մի շարք ռազմական օպերացիաներում հայերի կարևոր մասնակցությանը: Նա ընդգծեց Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերը ղեկավարող հայ զորավարների, մասնավորապես` Հովհաննես Բաղրամյանի սխրանքն ու հավելեց` գիտաժողովի թեման այսօր հատկապես արդիական է, պատմության վերարժևորումը` կարևոր:

Լիագումար նիստին «Հայորդիների մասնակցությունը հակաֆաշիստական դիմադրական շարժմանը Ֆրանսիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Վերջինս ընդգծեց, որ Միսաք Մանուշյանը և բազմաթիվ այլ հայորդիներ, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի, հավաքագրվեցին հանուն Ֆրանիսայի ազատագրության և ունեցան իրենց մեծագույն ավանդը ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու մասնախմբերում: Իրենց զեկույցներում մասնակիցներն անդրադարձան Երկրորդ աշխարհամարտի մարտական գործողություններին հայուհիների մասնակցությանը, այդ տարիներին դասալիքների խնդիրներին, հայ ռազմագերիների ճակատագրին, Մանկավարժական ինստիտուտի մասնակցությանը և այլն: Առանձին զեկույցներում անդրադարձ եղան նաև Հայրենական մեծ պատերազմի մասին արխիվային փաստաթղթերին, ինչպես նաև տարած հաղթանակում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ներդրմանը: