ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով՝ «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին»
24.06.2019
Գիտաժողով՝ «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին»

Մանկավարժական համալսարանում այսօր անցկացվեց «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով: 

Գիտաժողովի նպատակն էր քննարկել 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանի խնդիրները` քաղաքական գործընթացները, արտաքին քաղաքականությունը, տնտեսական կյանքը, սփյուռքի հետ կապը, հայ առաքելական եկեղեցու գործունեությունը և դերը, մշակութային կյանքը, կենցաղն ու առօրյան:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և անդրադարձավ այն կարևոր հանգամանքներին, որոնք առավել հետաքրքիր են դարձնում 1920-90-ականների ուսումնասիրությունը:

«Անցել են Հայաստանի անկախությունից հետո հաստատված էյֆորիկ տրամադրությունները. հայ ժողովուրդը ձեռք բերեց իր պատմական երազանքը, բայց պատմագիտական մտքում դեռ կային որոշակի տրամադրություններ, որոնք ժխտում էին այն ամենը, ինչ գոյություն ուներ խորհրդային պատմության շրջանում: Դա նպաստավոր է ներկայումս ուսումնասիրություններ կատարելու համար: 2-րդ կարևոր հանգամանքն այն է, որ ակտիվ պատմաբանների մեջ շատ են այդ ժամանակաշրջանի սերնդակիցները. մի բան է, երբ պատմաբանը աղբյուրների նյութերի վրա է հիմնվում, այլ բան, երբ նա անմիջական ժամանկակիցն է»,-նշեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:

Խոսելով կարևոր մյուս հանգամանքի մասին՝ Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից անցել է գրեթե 3 տասնամյակ, հետխորհրդային երկրներում տեղի են ունեցել տնտեսական, քաղաքական լուրջ գործընթացներ և քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող գործիչներ բերում են պատմության տարբեր օրինակներ, սակայն պետք է նկատել՝ եթե ուզում ենք պատմական զուգահեռներ անցկացնել, ավելի արդյունավետ կլինի, եթե դրանք անցկացնենք 1920-30-ական թվականների մեր ժողովրդի պատմության հետ. «Մենք՝ հայերս, նույն ժողովուրդն ենք թե´ անցյալ դարի 20-30-ական թթ-ին, թե´ հիմա»:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի զեկուցումը վերաբերում էր Հայկական ազգային պետական կազմավորումների ձևավորմանը 1920-ական թվականներին:

Ակադեմիկոս Մելքոնյանը ներկայացրեց ստեղծված այն իրավիճակն ու հանգամանքները, որոնց պատճառով 1920-ական թվականների սկզբներին Խորհրդային Կովկասում ստեղծվեց նման պետաիրավական իրավիճակ և մեկնաբանեց, թե արդյո՞ք կարող էր ստեղծվել մեկ այլ ազգային կառուցվածք, եթե չլինեին նախանշված իրավիճակն ու հանգամանքները:

«Տարածաշրջանի խորհրդայնացման խնդիրներին անդրադառնալիս պետք է սկսել 1920 թվականի գարնանից, երբ 11-րդ կարմիր բանակը, տանելով հաղթանակներ, աստիճանաբար մոտեցավ Անդրկովկասի սահմաններին, և, բնականաբար, առաջին հերթին, Ադրբեջանի սահմաններին: Մենք ընդհանուր տարածաշրջանի խորհրդայնացման խնդիրներին անդրադառնալիս, ցավոք, այնքան էլ շատ չենք անդրադարձել Ադրբեջանին, երբ դրանք պայմանավորեցին հետագա զարգացումները, և ազգային պետական կազմավորումների ձևավորման առումով Ադրբեջանի խորհրդայնացման գործընթացն ունեցավ իր հետևանքները»,-նշեց Աշոտ Մելքոնյանն ու խոսեց Լենին-Քեմալ կապի մերձեցուման հետևանքով Ադրբեջանի արագ և խաղաղ խորհրդայնացման մասին:

Վերջինս անդրադարձավ այդ տարիներին տարածաշրջանին առնչվող նորաստեղծ ռազմաքաղաքական և այլ դաշինքներին, Կարմիր բանակի գործողություններին, Սյունիքի, Արցախի, Նախիջևանի շուրջ տեղի ունեցող պատմաքաղաքական իրադարձություններին ու դրանց արդյունքում ձեռք բերված կարգավիճակներին, խորհրդային սոցիալիստական անկախություն ստացած հանրապետություններին, այդ թվում և Հայաստանին:

1920-ական թթ-ի հայկական ազգային պետական կազմավորումների ձևավորման խնդրին, գրական խմբավորումներին և գրապայքարին անդրադարձավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ փաստելով, որ գրական խմբավորումներ ունենալը եկել է դեռևս Թումանյանից, երբ հինվեց «Վերնատուն»-ը, ապա Նիկոլ Աղբալյանի «Հայ գրական ընկերություն»-ը, արևմտահայ գրականության մեջ՝ «Նավասարդ»-ը և համանման այլ ընկերություններ նաև Սփյուռքում:

Պրոֆեսորն առավել մանրամասն ներկայացրեց «Նոյեմբեր» խմբակցության գործունեությունը և այն իրողությունը, որ այդ շրջանում Երևանը դարձել էր գրական կենտրոն, ուր կազմակերպվում էին գրական բյուլետեններ, շեփորահանդեսներ և այլն:

«Պետական քաղաքականության համաձայն՝ պետք է գրական խմբակցությունները միավորվեին, իսկ գրական կոլեկտիվացումը արվեստի շահերից չէր բխում. ստեղծվեց «Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա», ինչպես նաև գրական-գեղարվեստական կազմակերպությունների մասին որոշում»,-նշեց պրոֆեսոր Գասպարյանն ու խոսեց Մկրտիչ Արմենի՝ «Չարենցի և հարակից խնդիրների մասին» հայտնի հոդվածի կարևորության հարցի մասին, երբ դրվել էր և´ ձևով, և´ բովանդակությամբ ազգային գրականության հարցը: Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ այդ հոդվածը դարձավ փորձության քար:

«1936 թ-ի օգոստոսի 9-ը մեզ համար ունեցավ նույն նշանակությունը, ինչ 1915 թ-ի ապրիլի 24-ը, երբ երկրորդ անգամ ոչնչացվեց հայ մտավորականության սերուցքը»,-նշեց Դավիթ Գասպարյանն ու հավելեց, որ հետագա շրջանում հայ գրականությունն ընթացավ ընթացավ նոր հունով:

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ազգային արխիվի տնօրեն, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն էլ ընդգծեց՝ չնայած մի պահ այդ շրջանի հանդեպ հետաքրքրությունը վերացել էր, սակայն Խորհրդային Հայաստանի պատմությունը բավականին ուսումնասիրված է: Պրոֆեսոր Վիրաբյանը, խոսելով 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանի իշխանությունների վերնախավում ներկուսակացական պայքարի մասին, պատմաբաններին հորդորեց համախմբվել, տարբեր մոտեցումներով ուսումնասիրել ժամանակաշրջանը և տալ խորը հարաբերություններով ու բազմագույն 70 տարիների օբյեկտիվ գնահատականը, հատկապես, որ պահպանվել են փաստթաղթերը: Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ նաև մինչմոսկովյան ժամանակաշրջանին, երբ բոլոր հարցերը լուծվում էին Թբիլիսիում՝ Անդրկովկասյան ֆեդերացիայում: «Այդ ֆեդերացիան Հայաստանի օգտին ընդամենը մեկ հարց լուծեց՝ Լոռին տրվեց Հայաստանին. դրանում մեղավոր ենք նաև մենք, որովհետև երբեք համերաշխ ղեկավարություն չենք ունեցել և ընտրությունը մշտապես եղել է վատի և շատ վատի միջև: 70 տարիների ընթացքում ամենաբարդը մարդկային հարաբերություններն էին՝ ղեկավար, միջին և ներքին շերտերում»,-հավելեց պրոֆեսոր Վիրաբյանը:

«Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու մասնաճյուղերում՝ «Մշակութային կյանքը Խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թվականներին» և «Սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը Խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թվականներին»:

Զեկուցողներն անդրադարձան Ա. Բեկզադյանի դիվանագիտական գործունեությանը, Հայրենիք-Սփյուռք փոխառնչությունների բովանդակային առանձնահատկություններին, մշակութային արդիականացման խնդրին և ազգային փոքրամասնություններին, Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններին, խորհրդային հակակարոնական քաղաքականության համատեքստում հայոց տոնածիսական համակարգին և այլն: Նույն ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի համատեքստում ներկայացվեցին սոցիալ-տնտեսական տեղաշարժերի առանձնահատկությունները, Նախիջևանի հայաթափումը, ՀՍԽՀ-ի պետական վերահսկողության ժողկոմատի գործունեության ուղղությունները, քրդական համայնքի ձևավորումը, առևտրատնտեսական կապերը և այլն:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանում գործում է «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիա, որի նպատակն է ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը: