ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով՝ նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին
14.10.2019
Գիտաժողով՝ նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը և հույս հայտնեց, որ ձեռնարկը կնպաստի մասնակիցների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական դաշտում նոր հաջողություններ գրանցելուն: Պրոռեկտորը բուհի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց գիտաժողովի գլխավոր խոսնակին՝ հայտնի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր, Վիլհելմ Գրիսհաբերին, որ համաձայնել է ներկայացնել նոր մեթոդը ներկայիս և ապագա մանկավարժներին. այն հնարավորություն կտա գերմաներենի դասավանդման վերաբերյալ առաջ քաշված խնդիրների շուրջ ունենալ նոր մոտեցումներ:

«Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, ուր մարդիկ բազմաթիվ լեզուներ են սովորում, ուսումնասիրում, և մենք պետք է կարողանանք այդ մարտահրավերն ընդունել»,- նշեց Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանն ու հավելեց, որ 2015 թվականին անցկացված «Բազմալեզվությունը ինստիտուցիոնալ համատեքստում. գերմաներենը՝ որպես երկրորդ օտար լեզու» խորագրով գիտաժողովը ևս նպատակ ուներ անդրադառնալու ոլորտի մարտահրավերներին:

Պրոֆեսոր Աստվածատրյանը նկատեց, որ «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» մեթոդն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում, այն բազմիցս կիրառել են մեթոդը ստեղծողները, այդ թվում նաև պրոֆեսոր, Վիլհելմ Գրիսհաբերին: «Մեթոդները բազմաթիվ են և ժամանակն է ցույց տալ, թե այս մեթոդի շրջանակներում ինչպես է տեղի ունենում դասի պլանավորումը, ինչ ունակություններ կարող ենք ձեռք բերել և ինչ հետևություններ անել: Սա իրական գործիք է ուսուցիչների համար, որը թույլ կտա ուսուցչին չափել լեզվի իմացության մակարդակը»,-նշեց Մելանյա Աստվածատրյանն ու կարևորեց գիտաժողովին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ուսուցիչների գործուն մասնակցությունը:

Դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Գրիսհաբերին ուրախ է կրկին Հայաստան այցելելու և գիտաժողովին մասնակցելու համար: Նա իր երախտագիտությունը հայտնեց հայ ուսուցիչներին, որոնք մեկ ամիս առաջ իրենց աշակերտների շրջանում անցկացրել էին հարցումներ, կատարել տեքստային առաջադրանքեր և արդյունքները տրամադրել պրոֆեսորին. «Ես այդ աշխատանքներում տեսել եմ, թե ինչպես են սովորում այստեղ գերմաներեն»,-նշեց պրոֆեսորն ու հույս հայտնեց, որ երկօրյա աշխատանքների ընթացքում կկարողանան առավել մանրամասն ծանոթանալ մեթոդի էությանը՝ տեղում կիրառելով այն:

Երևանի և մարզերի դպրոցներում գերմաներեն դասավանդող ուսուցիչները ևս կարևորում են նոր մեթոդի կիրառմանը վերաբերող ձեռնարկը և հույս հայտնում, որ այն կլինի արդյունավետ: Գերմանացի Հոլգեր Շմիդթը արդեն արդեն 5 տարի աշխատում է Հայաստանում, գերմաներեն է դասավանդում և´ դպրոցում, և´ քոլեջում: Վստահեցնում է՝ աշխատանքում մշտապես իրականացրել է լեզվի վերլուծություն, ունի աշակերտների գիտելիքների ստուգման, գնահատման ծրագիր, բայց կարծում է, որ գիտաժողովին մասնակցությունը, նոր մեթոդի կիրառումը նոր հնարավորություններ կընձեռի գերմաներենի դասավանդման ոլորտում:

Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է Մանկավարժական համալսարանի և Երևանի գերմանական ուսումնամշակութային կենտրոնի հետ համատեղ՝ Հայաստանում ԳԴՀ դեսպանության աջակցությամբ: