Այսօր Փարպի գյուղի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հանրապետական գիտաժողով՝ նվիրված ոսկեդարի վերջին պատմիչ Ղազար Փարպեցուն։
Գիտաժողովին ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրեն Բավական Հարությունյանը։
Բազմադարյա պատմություն ունեցող Փարպիում աբովյանականներին ծանոթացրին դպրոցի պատմությանը․241 աշակերտ ունեցող դպրոցն ունի պատերազմում հերոսացած 5 շրջանավարտ։
Դպրոցի տնօրեն Բավական Հարությունյանը հպարտությամբ փաստեց, որ իրենց համար պատիվ է Ղազար Փարպեցուն նվիրված գիտաժողովը հենց իր հայրենի կրթօջախում անցկացնելը։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ բարձրաձայնելով, որ նման գիտաժողովների նախաձեռնումն ու անցկացումը մեծապես նպաստում է կրթական համակարգի բարելավմանը։
Մարզպետն ընդգծեց, որ հայազգի մեծանուններին պետք է ճանաչել գիտական մակարդակում և շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ-ին և Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին՝ մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և դպրոցի ուսուցչական համակազմի հետ մասնագիտական գիտելիքները կիսելու համար։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով ստեղծված դժվարին պայմաններում հանձնառությունները պատվով կատարելու անհրաժեշտությունը։
«Այսօրվա գիտաժողովը յուրահատուկ խորհուրդ ունի․այն անցկացվում է մեծ պատմիչ, հայրենասեր, ճարտասան Ղազար Փարպեցու ծննդավայր Փարպի գյուղում։ Բոլոր այն հասարակարգերում, որտեղ մանկավարժը գնահատված է, հասարակությունն ունի կրթվածության և զարգացվածության այլ աստիճան։ Հենց այդ համատեքստում է արժևորվում Մանկավարժական համալսարանի դերը։ Այսօր առավել, քան երբևէ մեզ պետք է ուժեղ դպրոց, կայուն կրթական համակարգ, ապագան այսօր կառուցելու արժեհամակարգ կրող հասարակություն»,-նշեց պրոռեկտոր Իսպիրյանն ու կարևորեց գիտաժողովի կազմակերպումը։
Վերջինս ընդգծեց նաև բուհ-դպրոց համատեքստում Փարպի գյուղի միջնակարգ դպրոցի կոլեկտիվի հետ համագործակցության կարևորությունը՝ վստահեցնելով, որ այն կլինի շարունակական։
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը 5-րդ դարի պատմագիտական հարուստ մատյանների շարքում ներկայացրեց Փարպեցու «Հայոց պատմության» հիմնական շեշտադրումները, անդրադարձավ Հայաստանի այդ ժամանակի մարզպան Վահան Մամիկոնյանին ուղղված հռչակավոր «Թղթին», ընդգծեց Փարպեցու «Պատմության» պատմական և գեղարվեստական արժեքը, կարևորեց այն որպես արժեքավոր սկզբնաղբյուր հայ հետագա պատմագրության ու պատմագիտության համար։
Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանն անդրադարձավ պատմիչի լեզվական առանձնահատկություններին՝ նրա պատմության՝ «Արարատյան դաշտի նկարագիրը» և «Նվարսակի պայմանագիրը» հատվածներում՝ փաստելով, որ գրաբարյան գրական կոթողների լեզվական ուսումնասիրությունը նպաստում է հին հայերենի գիտական նկարագիրն առավել համապարփակ դարձնելուն։
Պրոֆեսորն ընդգծեց պատմական երկում բնութագրական բառերի առատ գործածության, բառակազմական հետաքրքիր դրսևորումների և ոճական հատկանիշների մասին։ «Պատմություն Հայոց» երկի հեղինակը գրական լեզուն հարստացրել է տասնյակ բառերով, փոխառություններ չի օգտագործել, բնության գեղարվեստական նկարագրությունները ներկայացրել է հոգեբանական հիմքերով, իր խոսքը օժտել է փոխաբերություններով, համեմատություններով ու հակադրություններով, պատմությունը ներկայացրել ճոխ ու դյուրըմբռնելի լեզվով։
Հայ հին և միջնադարյան գրականության և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Հովսեփյանը ներկայացրեց Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնեան» երկը և Աստվածաշունչը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզան Դոլուխանյանն անդրադարձավ Ավարայրի ճակատամարտի մասին Եղիշեի և Ղազար Փարպեցու պատմություններին, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մարդյանը ներկայացրեց «Ղազար Փարպեցու «Թղթի» քննադատական ու դաստիարակչական ոգին», ամբիոնի ասպիրանտ Հովհաննես Սարգսյանն էլ ոսկեդարի պատմիչին ներկայացրեց Ղևոնդ Ալիշանի աշխատություններում։
Գիտաժողովի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ղազար Փարպեցու արձանին և այցելեցին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Ի դեպ, նախապես հրատարակել էին գիտաժողովի հոդվածների ժողովածուն, որի օրինակներից նվիրեցին նաև Փարպի գյուղի միջնակարգ դպրոցին։