ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով՝ նվիրված գրականության և թարգմանական խնդիրներին
26.10.2023
Գիտաժողով՝ նվիրված գրականության և թարգմանական խնդիրներին

Արդեն 16-րդ անգամ Մանկավարժական համալսարանում անցկացվում է միջազգային գիտագործնական գիտաժողով, որը նախաձեռնել է Արտասահմանյան գրականության ամբիոնը։

Ձեռնարկն անցկացվում է խառը՝ առցանց և առերես ձևաչափով․ մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ-ի և Ուկրաինայի առաջատար բուհերի դասավանդողներ, մագիստրոսներ։

Ավանդական դարձած գիտաժողովի կարևորությունն ընդգծեց Ուսումնագիտական գծով ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։

Պրոռեկտորը նկատում է՝ գիտաժողովն անցկացվում է մեր երկրի համար բարդ ժամանակներում․այն լավ առիթ է վերանայելու անձնային և աշխատանքային առաջնահերթությունները։

Բուհի գիտական գծով պատասխանատուն հավելում է՝ ներկաներից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի իրագործելու գիտակրթական ոլորտի իր անելիքները։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը ծանոթացել է գիտաժողովի նյութերի ժողովածուին․ նկատում է՝ թեմաները հետաքրքիր և ուսուցանող են։

Նա կարևորում է նաև արտասահմանցի գործընկերների մասնակցությունը, արժեքավոր համարում նրանց գիտական տեսակետները, բայցև ցավով նկատում՝ պատահականությամբ ներառված են այն երկրները, որոնք այսօր լավ ժամանակներ չեն ապրում․ կա անհասկացվածություն, կոնֆլիկտ։

Տիգրան Միքայելյանը կարծում է, որ ամենաբարդ ժամանակներում անգամ չափազանց կարևոր են նման ձեռնարկների անցկացումը։ Մեջբերելով ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովին՝ հավելում է՝ ինտելեկտուալ զարգացած լինելը բոլորիս պարտքն է․ պետք է բաց չթողնել առիթը գտնելու հետաքրքիրն այնտեղ, որտեղ թվում է՝ այն չկա։ Ի վերջո, սիրելով տեքստը, գրական ստեղծագործությունները, հնարավոր է լինում հասկանալ բառը։

Միջազգային գիտագործնական գիտաժողովի մասնակիցներն իրեն զեկուցումներում  ներկայացրին գրականության մի շարք խնդիրներ, գիտական ոլորտում  անհայտ և դեռևս չհրատարակված նյութեր, անդրադարձան թարգմանության և գրական կապերի հետ կապված հարցերի, հայ գրականության վրա ռուսական ազդեցություններին և առնչություններին՝ հայ և ռուս գրականությունը ներկայացնելով որպես համաշխարհային գրականության անքակտելի մաս։

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադևոսյանն ուրախությամբ է նկատում՝ միջբուհական գիտաժողովը վաղուց արդեն  հատել է բուհական սահմանը և դարձել միջազգային։

Մասնակիցներին միավորել է ընդհանուր  խնդիր՝  գրական կապեր, թարգմանություն, ռուս գրականության հիմնահարցեր։

Գիտաժողովի այս տարվա նորարարությունն է համարում այն, որ առաջին անգամ ներկայացված է նաև իսպանական գրականությունը՝ իսպաներենով։

Պրոֆեսոր Թադևոսյանը գիտաժողովը կարևորում է նաև  գիտական ժողովածուների տպագրման տեսանկյունից․ նյութերն օգտագործվում են  դասախոսական պրակտիկայում։

Նա կարևորեց նաև  «Առաջին քայլերը գիտության մեջ», որը հնարավորություն տալիս բակալավրերին, առավելապես մագիստրոսներին՝  ուժերը փորձելու գիտության բնագավառում, ինչպես նաև «Պոեզիայի էջեր» խորագրերը, որտեղ այս անգամ  թարգմանվել է Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունները։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։