ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով՝ նվիրված Խ. Աբովյանի ծննդյան 210-ամյակին
18.10.2019
Գիտաժողով՝ նվիրված Խ. Աբովյանի ծննդյան 210-ամյակին

ՀՊՄՀ-ի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ Խ. Աբովյանի ծննդյան 210-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը և կարևորեց գիտաժողովի անցկացումը, քննարկման ներկայացված զեկուցումների թեմաները: Պրոռեկտորն ընդգծեց, որ մերօրյա մարտահրավերների համատեքստում անընդհատ գտնվում ենք գլոբալիզացիայի և լոկալիզացիայի իրարամերժ ազդեցության ներքո. «Առավել քան պետք է կարողանանք պահել մեր լեզուն ու ազգային մշակույթը: Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ժառանգության մեջ դա ավելի քան ընդգծված է: Լեզուն մեր մշակութաբանության հենքն է. պահպանենք այն՝ միաժամանակ հայացք գցելով մեր ունեցած ժառանգությանը, որպեսզի կարողանանք դիմակայել դարի մարտահրավերներին և քայլել ժամանակին համահունչ»,-հավելեց Սրբուհի Գևորգյանը:

Լիագումար նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն անդրադարձավ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին՝ որպես բանահյուսական ժանրերի ուսուցման կարևոր շտեմարան:

«Խաչատուր Աբովյանը հայ առաջին բանահավաքն ու բանագետն է՝ այդ մասնագիտական բնութագրերի գիտական իմաստով: Նրա գլուխգործոցը՝ «Վերք Հայաստանին», սկսած առաջաբանից, հավաստում է, թե որքան կարևոր է ժողովրդական բանահյուսությունը հայ գրականության հետագա զարգացման համար»,-նշեց պրոֆեսոր Դոլուխանյանն ու խոսեց վեպի միջոցով ծրագրային վեպի ու բանահյուսական ժանրերի ուսուցման միջև ստեղծված կապի մասին:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մկրտչյանն էլ, անդրադառնալով Խ. Աբովյանի պատմվածքներում բանավոր-խոսակցական լեզվի տարրերին, նշեց, որ նրա արձակ ստեղծագործությունները անսպառ նյութ են տալիս խոր ու մանրակրկիտ վերլուծությունների համար:

«Նրա ստեղծագործությունների լեզուն գերազանցապես կապվում է նրա ապրած տարիների տարբեր դրվագների հետ: Աբովյանը գրապայքարը սկզբնավորողն է. նա տիրապետելով գրաբարին և Արարատյան բարբառին, հետևապես այդ բարբառի՝ Քանաքեռի իր մայրենի խոսվածքին, իր ստեղծագործություններում արժանի տեղ է հատկացրել լեզվական այդ տարբերակներին՝ առանցքում ունենալով աշխարհաբար լեզվի՝ արդիական այդ տարբերակի մշակման և գործածության խնդիրները:

Զեկուցողներն իրենց ելույթներում անդրադարձան կրթական ոլորտում Խ. Աբովյանի լուսավորչական գործունեությանը, նրա գեղարվեստական արձակի բառապաշարին,, պատմվածքներում գործածված հնչյունաբանական և հնչյունափոխական իրողությունների ուսուցմանը բուհում և այլն:

Գիտաժողովին մասնակցում էին պրակտիկա անցկացնող դպրոցների տնօրեններ, այլ բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ: