Մանկավարժական համալսարանում կայացավ «Լեզվաբանության և ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի արդի խնդիրները» խորագրով միջազգային 5-րդ գիտաժողովը։
Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող գիտաժողովն ընթացավ խառը ձևաչափով․մասնակցում էին ինչպես հայաստանյան, այնպես էլ ՌԴ առաջատար կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ Նպատակն էր քննարկել ռուսաց լեզվի և դասավանդման մեթոդներին վերաբերող հարցեր, վերլուծել հետազոտական տեսանկյունից, ամփոփել կարևոր եզրահանգումներով։
Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը նկատեց՝ ռուսաց լեզվի կարգավիճակը պարզ չէ ոչ ՌԴ-ում, ոչ էլ աշխարհում․ հարցն այն չէ, թե որքան մարդ է խոսում կամ ցանկանում սովորել այդ լեզուն։ Բանախոսի դիտարկմամբ՝ հարցն այն է, թե ինչպիսին է այդ լեզուն և ինչպիսին կլինի հիմա։
«Լեզու կրող մարդիկ պետք է տիրապետեն 3 ոճի՝ բարձր՝ խոսելու Աստծո հետ, միջին՝ շրջապատի հետ հաղորդակցվելու, ցածր՝ ինքն իր հետ մենախոսելու կամ երկխոսելու համար»,-նշեց պրոֆեոր Դալյանը՝ մեջբերելով ռուս մեծ փիլիսոփա, լեզվաբան Վլադիմիր Սոլովևի հայտնի տողերը։
Նաիրա Դալյանը նկատեց՝ ժամանակները փոխվել են՝ բարձր ոճն այլևս գոյություն չունի, միջին ոճը գրավել է առաջինի տեղը, իսկ ցածրը՝ գրավել է միջինի տեղը․«Այս հարցերն են, որ այսօր մտահոգում են ռուսաց լեզվի մասնագետներին։ Մենք՝ այդ լեզուն դասավանդողներս էլ անտարբեր չենք վերոհիշյալ հարցի նկատմամբ, ծանոթ ենք ռուս մշակույթին՝ ռուս գրականության անանց արժեքներով, և, բնականաբար, լսարանում արտահայտում ենք այդ խոսքի վեհությունը»։
Ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը կարևորեց ձեռնարկը՝ լեզվաբանության և դասավանդման մեթոդներին վերաբերող կարևոր հարցերի քննարկման տեսանկյունից և ընդգծեց գիտաժողովի ներկայացուցչական կազմի մասբակցությունը։
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը նկատեց՝ ֆակուլտետը երիտասարդացել է, չնայած ամբիոնը գրեթե համալսարանի տարեկիցն է։ Նա ընդգծեց դասախոսական կազմի մասնագիտական մեծ փորձը լեզվաբանության և գրականագիտության դասավանդման ոլորտում։
Տիգրան Միքայելյանը կարևորեց ավանդույթների արմատավորումն ու մասնագիտական խնդիրների քննարկման շուրջ համախմբումը․«Առանձնահատուկ հաճույք է սեփական լեզվի կատարելությունը»,-մեջբերելով Վ․ Լիխաչովի տողերը նշեց նա և հավելեց՝ ուրախ է, որ ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման գործում ամբիոնը շարունակում է հանրապետությունում առաջատարը մնալ լեզվի կատարելագործման և լեզվական նորությունների դասավանդման առումով․«Լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է․այն հարստացնում է մարդու ինտելեկտը, ձևավորում մտածողությունը։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ այս երկխոսությունը, քննարկումները կամրապնդեն մեր մեջ լեզվի առանձնահատուկ դերն ու մշակութային պլաստը, որն իմ սերնդի համար անչափ կարևոր է ու անփոխարինելի»,-ամփոփեց Տիգրան Միքայելյանը։
«Լեզվաբանության և ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի արդի խնդիրները» խորագրով միջազգային 5-րդ գիտաժողովում ներկայացվեց նույնանուն ժողովածուն։
Մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներկա փուլում համակարգչային ծրագրերի և համակարգերի դերին, ռուսաց լեզվի բուհական ուսուցման գործընթացում համացանցի կրթական ներուժի օգտագործմանը, աշխարհի լեզվական պատկերում հոտառական ընկալման ոլորտին, բազմամշակութային կրթության զարգացման ուղիներին։ Բացի այդ, անդրադարձ եղավ մասնագիտական շփման ոլորտում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դաընթացում քննարկման դասերի անցկացման փորձին, ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման մեջ նեյրոլեզվաբանության մեթոդների կիրառմանը, հայերենում «անձ», «մարդ» բառաիմաստային ենթաբազմության բառարանագրական մշակումներին և այլն։
Ծավալվեց քննարկում, եղավ հարց ու պատասխան։