Ակադեմիկոս, հայտնի լեզվաբան, մանկավարժ Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովն այսօր մեկնարկեց ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում։ Երկօրյա ձեռնարկը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Հայկական պետական մանկավարժական և Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանները։
Սերգեյ Աբրահամյանի գիտամանկավարժական գործունեությունն ամուր թելերով կապվում է նաև ՀՊՄՀ-ի պատմության հետ․ նա ավելի քան 20 տարի աշխատել է Մանկավարժական մայր բուհում, իր մեծ ավանդն է ներդրել տարրական դասարանների ուսուցիչների, հայոց լեզվի և գրականության մասնագետների պատրաստման վեհ գործին: 20-րդ դարի երկրորդ կեսի ականավոր հայ լեզվաբանը շուրջ 20 մենագրությունների, դպրոցական և բուհական դասագրքերի, ձեռնարկների, 100 հոդվածի հեղինակ է։
Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կենսագրական տվյալներ ներկայացրեց Սերգեյ Աբրահամյանի կյանքից և ընդգծեց՝ մտավորականը կայուն տեղ ունի հայ լեզվաբանների մեծերի շարքում․ շատ խորը և մնայուն հետագիծ է թողել հայ լեզվաբանության զարգացման գործում։
Ծնունդով արցախցի, հային վայել լավագույն հատկանիշներով օժտված Սերգեյ Աբրահամյանին, բանախոսը բնորոշեց որպես լայնախոհ, խորաթափանց գիտնական, գիտական խոսքի ճշգրտության վարպետ, ով երևույթները դիտարկելիս չէր սահմանափակվում եղած կանոններով և անպայման հաշվի էր առնում լեզու-խոսք միասնությունը, լեզվական իրադրությունը։
Վիկտոր Կատվալյանը նկատում է՝ լինելով արդի հայերենի քերականական կառուցվածքի լավագույն ուսումնասիրողներից և նկարագրողներից մեկը, նա հետաքրքիր դիտարկումներ է կատարել լեզվի ուսումնասիրության տարբեր մակարդակներում, իսկ խոսքի մասերի դասակարգման աստիճանական սկզբունքը մինչ օրս կարևոր ներդրում է արդի հայերենի նկարագրման գործում։
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը լեզվաբանությունից զատ, կարևորեց Սերգեյ Աբրահամյանի լուրջ ավանդն ու վաստակը երկու այլ բնագավառներում ևս՝ տերմինաբանության, տերմինների հայեցման և դասագրքաստեղծման՝ հայոց լեզվի և գրականության կրթական ծրագրերի մշակման գործում։
Որպես գիտաժողովի համակազմակերպիչ՝ ներկաներին ողջունեց նաև ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Պրոֆեսորն ընդգծեց՝ տաղանդաշատ գիտնական, մանկավարժ Սերգեյ Աբրահամյանը, որ թողել է հարուստ գիտամեթոդական ժառանգություն և հայտնի էր իր հսկայածավալ գործունեությամբ, անխզելիորեն կապված է եղել Մանկավարժականի հետ՝ վերհանելով ուսուցչական գործունեության մեթոդաբանական հիմնախնդիրներ։ Մանկավարժ-լեզվաբանի թողած արժեքավոր ժառանգությունը՝ որպես մեթոդաբանական ռեսուրս, այսօր էլ շարունակում է պահանջված մնալ Մանկավարժականում և կիրառվում է մանկավարժական գործունեությունն ուսուցանողների համար։
Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ Սերգեյ Աբրահամյանի թողած հարուստ ժառանգությունը նոր սկիզբ կլինի երիտասարդ մասնագետների համար, որոնք իրենց աշխատություններում կանդրադառանան նաև մանկավարժությանը, դասավանդման մեթոդիկային, հոգեբանական հիմնախնդիրներին․ոլորտներ, որ այսօր շատ կարևորված են հայկական դպրոցում։
«Նրա ուսանողները Սերգեյ Աբրահամյանին հիշում են իբրև սկզբունքային դասախոս, իր մասնագիտությանը լավ տիրապետող լեզվաբան, մնայուն գրքերի հեղինակ»,-նշեց ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ու ընդգծեց՝ նրա ասպիրանտները այսօր աշխատում են հանրապետության տարբեր բուհերում, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանում և բարձր պահում ղեկավարի հեղինակությունը:
Գիտաժողովի լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։
Բանախոսը, որ անձամբ է ճանաչել մանկավարժին և գիտնականին, նկատեց՝ Սերգեյ Աբրահամյանը իսկական լեզվաբան էր, որն ապրում էր հայոց լեզվի ապագայով մտահոգ, հայոց լեզուն նվիրումով դասավանդելով և այդ լեզուն առաջ մղելու ոգևորությամբ։
«Սերգեյ Աբրահամյանի շարահյուսության դասագիրքը չհնացող է» զեկույցում պրոֆեսորը նշեց՝ այն նորությունն էր, որն ունի դպրոցական դասագրքերին առաջադրվող մանկավարժական, գիտական բոլոր խնդիրների լուծումները՝ նպաստելով թե՛ մայրենի լեզվի կառուցվածքի ճիշտ ճանաչմանը, թե՛ աշակերտի տրամաբանական մտածողության զարգացմանը։
Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում են գիտակրթական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ․ կներկայցվի 34 զեկույց՝ արդի հայերենի հնչյունաբանության, ձևաբանության, քերականության, շարահյուսության, ընդհանուր լեզվաբանության հարցերի, ստուգաբանության, բառապաշարի, լեզվի պատմության, հայերենի ուսուցման, դասավանդման խնդիրների վերաբերյալ և այլն։