ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով՝ ««Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը և Հովսեփ Օրբելին» խորագրով
28.10.2019
Գիտաժողով՝ ««Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը և Հովսեփ Օրբելին» խորագրով

Ազգային էպոսներն ամեն ժողովրդի երազանքներն արտահայտող գրական հուշաձաններ են, որոնք ուղեկցում են ազգի հետագա ընթացքին՝ հիշեցնելով, թե ինչ է դնում հայրենիք հասկացության մեջ տվյալ ժողովուրդը:

ՀՊՄՀ-ի հայ հին և միջնադարյան գրականության ու դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, ԳԱԱ Գրականության ազգային ինստիտուտի և Օրբելի եղբայրների տուն-թանգարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր ««Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը և Հովսեփ Օրբելին»խորագրով գիտաժողով:

Գիտաժողովի մասնակիցները Ծաղկաձորի Օրբելիների տանը լսարանին ներկայացրին իրենց գիտական զեկույցները՝ կարևորելով էպոսի խաղաղասիրական գաղափարախոսությունը:

«Մեր մանուկներն ու երիտասարդները պետք է մեծանան «Սասունցի Դավիթ» էպոսի գաղափարներով: Եթե մենք մեր էպոսի գաղափաներով դաստիարակենք մեր սերունդներին, շատ հրաշալի հայրենասերներ կունենանք»,- տուն-թանգարանի պատանի այցելուներին ասաց հայ հին և միջնադարյան գրականության ու դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը:

Իր՝ «Սասունցի Դավիթ ժողովածուները» զեկույցում վերջինս ներկայացրեց, թե ինչու է իրեն հետաքրքրել գիտաժողովի թեման՝ ընդգծելով, որ էպոսագիտությունն ու գրականագիտությունը շարունակական զարգացման մեջ են. «Ինձ հետաքրքիր էր՝ 1939 թվականին ինչպես են գնահատել համահավաք բնագիրը և այսօր ինչպես են գնահատում: Համահավաք բնագիրը սկսել են կազմել 1938 թվականից, և այդ ընթացքում կար ընդամենը 3 ժողովածու: Ես հատուկ կանգ եմ առել Դեմիրճյանի հոդվածի վրա: «Սասունցի Դավիթը որպես հայ ժողովրդի պատմություն և փիլիսոփայություն» ծավալուն հոդվածում, Դեմիճյանը երկրի պաշտպանության խնդիրը սկսում է «Հայկ և Բել» առասպելից և հասցնում է մինչև նոր էպոսը: «Սասունցի Դավիթ» էպոսը գրողը համարում է համաշխարհային սեփականություն»:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանն էլ խոսեց հայ մեծ գիտնական Հովսեփ Օրբելու և էպոսի խմբագրական աշխատանքների մասին. «Խորհրդային գաղափարախոսության հաստատման ժամանակ Հովսեփ Օրբելին հանձն առավ ղեկավարելու էպոսի համահավաք բնագրի խմբագրական աշխատանքները: Մեր երկրի ղեկավարության կողմից իդեալական ընտրություն էր Օրբելին: Ղեկավարելով ԳԱԱ-ն և «Էրմիտաժը»՝ նա օգտագործեց իր ամբողջ ներուժը: Օրբելին տարերքի մեջ էր ու փայլուն կերպով կատարեց իր՝ «էպոսային մասշտաբով» աշխատանքը:

ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ յուրաքանչյուր գիտաժողով ունի իր օգուտները և ուրախությամբ նկատեց, որ այս գիտաժողովն առանձնանում է իր թեմատիկ բազմազանությամբ. այն անդրադառնում է լեզվի, գրականության ու թարգմանության հարցերին: ՀՄՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկանն էլ Աշոտ Գալստյանն էլ անդրադարձավ էպոսի բառապաշարին, օգտագործված բառամիավորներ խմբերին:

«Դյուցազնավեպը կերտել է հայ ժողովրդական հանճարը: Ժողովուրդը էպոսը ստեղծել է ճշգրիտ իր կյանքի նման՝ դարեր ի վեր աշխատած, պայքար մղած և երջանիկ ապագայի տեսլականին հասած: Էպոսում օգտագործվում են հայերեն և փոխառյալ բառամիավորներ, իսկ բառապաշարի հարստությունը էպոսում ներկայացվում է տարբեր բառախմբերի միջոցով՝ անձնանուներ, բնակավայրի անուններ, համեմատությունների համար օգտագործված բառեր, արագություն և ուժ ցույց տվող բառեր և այլն»,-հավելեց Աշոտ Գալստյանը:

«Էպոսի տասը ընտիր պատմումները» զեկույցում դոցենտ Լիլիթ Հովսեփյանը խոսեց էպոսի պատումների ռուսերեն թարգմանության, ընտրյալ պատումների լեզվաոճական յուրօրինակությունների, տիպաբանական խմբերի և ասացողների մասին, իսկ դոցենտ Ռուզան Դոլուխանյանն էլ անդրադարձավ համահավաք բնագրի ստեղծման և նրա առաջաբանի՝ «Հայկական հերոսական էպոսը» հետազոտությանը:

Էպոսի համահավաք բնագրի՝ աշխարհի տարբեր լեզուներով կատարված թարգմանությունների մասին խոսեց Ազգային գադարանի բաժնի վարիչ Մայա Գրիգորյանն ու նշեց, որ յուրաքանչյուր թարգմանություն էպոսի՝ դեպի համաշխարհային գրականություն տանող ճանապահին արված որոշակի ու էական քայլ էր. «Այսօր այդ թարգմանությունների շնորհիվ մեր էպոսը դարձել է միջազգային գրական հանրության սեփականությունը: Հայոց դյուցազներգության մեջ արտացոլված համամարդկային արժեքները նպաստում են էպոսը միջազգայնացնելու գործընթացին: Հաատկապես առանձնացնենք 1939 թվականին և դրանից հետո կատարված էպոսի համահավաք բնագրի թարգմանությունները»:

Օրբելի եղբայրների տուն թանգարանի աշխատակից Լիանա Մելքոնյանը իր զեկույցում խոսեց էպոսի 1000-ամյակին նվիրված հոդվածներին: Զեկույցներով հանդես եկան նաև Բանասիրական ֆակուլտետի մագիստրոսներ:
Գիտաժողովին ընդառաջ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը տպագրել էր նաև միջոցառման խորագրին համանուն ժողովածու, որտեղ հավաքել էին գիտաժողովի ընթացքում հնչած զեկույցները:

Իսկ վերջում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և փոքրիկ հուշանվերներ հանձնեց բոլոր բանախոսներին: Ի դեպ, հուշանվերները պատրաստել էին  «Դեկկարտ» կենտրոնի սաները, որոնց  աշխատանքները ցուցադրված էին տուն- թանգարանում՝ ««Սասունցի Դավիթ» էպոսի հերոսները երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսում: Նման միջոցառումները միտված են մատաղ սերնդին հիշեցնելու նախնիների սխրանքը, ծանոթացնելու պատմության ուսանելի էջերին: