ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտելիքի օրը տոնեցին նաև ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում
01.09.2017
Գիտելիքի օրը տոնեցին նաև ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում

Տոնական մթնոլորտում, ուրախ ու պայծառ տրամադրությամբ իր աշակերտներին դիմավորեց նաև Մանկավարժական համալսարանի համար 57 հիմնական դպրոցը: Դպրոցն իր դռները բացեց աշակերտների առջև՝ խոստանալով նոր ու հետաքրքիր հանդիպումներով բացահայտել գիտության չբացահայտված մոլորակները:

Օրն անմոռանալի դարձավ հատկապես 104 առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դրեցին այդ զարմանահրաշ մոլորակը: Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը, շնորհավորելով բոլորին գիտելիքի և դպրության օրվա առթիվ, նշեց. «Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի դպրոցն իր դռներն է բացում սաների առջև, սակայն կա մի կարևոր փաստ՝ տարեցտարի մեր շարքերը համալրվում են նոր աշակերտներով: Վստահեցնում եմ, որ այս հարկի ներքո ձեզ սպասվում են նոր բացահայտումներ և ձեռքբերումներ»:

Նաիրա Տողանյանը փոխանցեց Մանկավարժական համալսարանի ղեկավարության և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը. «Մեր երկրի զարգացումն արձանագրելու հիմնական գրավականը որակյալ կրթությունն է, ուր ներդրված ջանքերը վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են: Ուստի լիահույս եմ, որ մեր աշակերտների ուսումնառության առաջիկա տարիները կդառնան իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր, կրթված ու պատասխանատու քաղաքացիներ»:

Գիտելիքի օրվա կապակցությամբ ներկաներին ողջունեցին կրթօջախի արդեն հնաբնակ սաները, հեքիաթների հերոսները, ովքեր էլ գիտելիքի բանալիներն հանձնեցին առաջին դասարանցիներին: Առաջին զանգի ղողանջների ուղեկցությամբ և մեծ հանդիսավորությամբ յուրաքանչյուր դասարան իր ուսուցչի հետ մտավ դպրոց՝ բացելու գիտելիքների ամրոցի դուռը:

Հանդիսավորության ընդունելության ավարտին աշակերտները երազանքներով լի փուչիկները բաց թողեցին երկինք՝ մաղթելով խաղաղություն մեր հայրենիքին: