ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտելիքներն ամրապնդվում են բնության մեջ
11.07.2016
Գիտելիքներն ամրապնդվում են բնության մեջ

ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների 5-օրյա ուսումնաճանաչողական պրակտիկան, որի ընթացքում ուսանողները հայրենի բնության մեջ իրականացրին մասնագիտական ուսումնասիրություններ, վերլուծություններ:

Վաղ առավոտից ապագա աշխարհագետներն ու կենսաբաններն օրը երկու անգամ արշավներ են իրականացնում Մարմարիկի հովտից մինչև Փամբակի, Ծաղկունյաց լեռնալանջեր: 33 աշխարհագրագետ պրակտիկայի ղեկավարներ, Աշխարագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն դասախոսներ Սիմա Դայանի և Վարդուհի Հովհաննիսյանի գլխավորությումբ տեղանքն ուսումնասիրում են ֆիզիկական և տնտեսական աշխարհագրության ուղղությամբ, չափում ջրի ծախսը, հողի, օդի ջերմաստիճանն ու խոնավությունը, ինչպես նաև տեղանքի տարբեր վայրերում իրականցնում համամետություններ:

Սիմա Դայանը aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ պրակտիկան ընթանում է նախապես քննարկված և մշակված պլանի համաձայն. «Այս տարվա պրակտիկան էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ ուսումնասիրություններն իրականացվում են վերջերս ամբիոնում բացված լաբորատորիայի նորագույն և ժամանակակից գործիքներով»:

Պրակտիկայի ղեկավարները հավելեցին նաև, որ տնտեսական աշխարհագրության ուղղությամբ Աղավնաձորում և մոտակա գյուղերում իրականացվել են սոցհարցումներ՝ նպաստելով տնտեսաաշխարհագրական վերլուծությանը. վերհանելով առկա խնդիրները՝ բնակիչներին իրազեկվում է վտանգների մասին, որոշ հարցերին տրվում ուղղորդող տեսական տեղեկատվություն:

Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Մարո Քոչարյանն ու դասախոս Քնարիկ Ուզունյանն էլ ղեկավարում են Կենսաբանության բաժնի 28 ուսանողի պրակտիկան, որի ընթացքում կատարում են ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների հավաքներ, կազմում հավաքածուներ, որոշիչների միջոցով որոշում դրանց տեսակային կազմերը, ինչպես նաև ծանոթանում կենդանիների տեղանքին, կենսակերպին:

«Լսարանային կենդանիներն ու բույսերը մահացած են, իսկ կենդանի օրինակներն առավել քան մնայուն են. գիտելիքներն ամրապնդվում են բնության մեջ»,-նշեց Մարո Քոչարյանն ու հավելեց, որ աղավնաձորյան պրակտիկան նպաստում է, որ բնագետ-կենսաբանը, ապագա մանկավարժը իմանա բնության մեջ ինչպես կազմակերպի էքսկուրսիաներ, որտեղից ինչ գտնի աշակերտին ցուցադրելու համար:

Պրակտիկայի ղեկավարն ուրախությամբ է նկատում՝ ուսանողներն այս օրերին տեսել և աշխատանքային օրագրերում գրառումներ են կատարել նաև Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների և բուսատեսակների վերաբերյալ:

Կենսաբանության 2-րդ կուրսի ուսանողուհի Շահանե Թադևոսյանը գոհ է՝ պրակտիկան անցնում է հետաքրքիր և գերհագեցած ծրագրով. ամեն օր կատարում են բազմաբնույթ աշխատանքներ, հավաքել են մի շարք կենդանիներ, պատրասել հավաքածուներ, ունեն նաև հերբարիումներ՝ բույսերի հավաքածուներ, որոնցով մշակումներ են կատարում. «Տեսական հասկանալի գիտելիքն ամրապնդվեց բնության գրկում արված փորձերի արդյունքում: Ապագա ուսուցիչներիս համար չափազանց կարևոր է այս միջավայրում լինելը, ինչն օգնեց բացահայտել մասնագիտության հետաքրքրությունը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Շահանեն՝ կուրսընկերների անունից փոխանցելով, որ միակ ցանկությունը պրակտիկայի ժամկետը երկարաձգելն է:

Աշխարհագրության 2-րդ կուսի ուսանողուհի Անի Սարգսյանն էլ անկեղծանում է՝ մինչ Աղավնաձորի ուսումնական բազայում հայտնվելը թերահավատ էր. կարծում էր ձանձրալի է լինելու, սակայն խոստովանում է՝ դաշտային պրակտիկան, այս օրերին կատարած ուսումնասիրությունները, չափումներն ու կամերալ պայմաններում տարված աշխատանքները օգնեցին հասկանալ՝ ճիշտ մասնագիտություն է ընտրել. «Տեղանքի ֆիզիկաշխարհագրական, տնտեսաշխարհագրական բնութագրի կատարումը, գյուղերում անցկացված սոցհարցումներն օգնեցին առավել ամբողջական դարձնել ունեցած գիտելիքները, ինչին նպաստեցին նաև ուսանողների աշխատասիրությունն ու դասախոսների տրված գիտելիքները»:

Ինչպես ուսանողներն ու պրակտիկայի ղեկավարներն են փաստում, ուսումնաճանաչողական պրակտիկան օգնեց առաջին հերթին տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում, ծանոթանալ մասնագիտական ոլորտի գործունեության պայմաններին, զարգացնել անհատական և խմբային աշխատանք կատարելու, հաղորդակցվելու հմտություններն ու գործնական կորողությունները: Բացի այդ, այն աննախադեպ հնարավորություն էր նաև պրակտիկայի շրջանակներում լավագույն հանգիստ կազմակերպելու համար, ինչն ապահովում էին բուհի Անվտանգության ծառայությունն ու Սնունդ միավորումը:

«Բնությունն աշխարհագրագետի և կենսաբանների լաբորատորիան է». հաճախ կրկնում են մասնագետները՝ վստահեցնելով, որ այդկերպ է միայն ապագա մասնագետը ճանաչում հայրենի բնաշխարհի ֆաունայի ներկայացուցիչներին, իրազեկ լինում էկոլոգիական խնդիրներին, իրականացնում մասնագիտական դիտարկումներ, տիրապետում ուսումնասիրման մեթոդներին: