Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի 2023-2024 ուսումնական տարվա ամփոփիչ նիստը։
Օրակարգային 1-ին հարցը Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի, Հասարակագիտության, Երաժշտության մանկավարժության ամբիոնների վարիչների ընտրությունն էր։ Առաջադրված թեկնածուներին, նրանց գիտական գործունեությունը ներկայացրին Հումանիտար և Մշակութային մասնագիտությունների գծով հանձնաժողովների նախագահներ Աելիտա Դոլուխանյանն ու Գևորգ Թադևոսյանը։
Գիտական խորհուրդը լսեց նաև առաջադրված թեկնածուներին, նրանց առաջարկած ծրագրային դրույթները, պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում նախատեսած անելիքները, ապա քվեարկեց՝ փակ, գաղտնի։
Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կշարունակի ղեկավարել առաջադրված միակ թեկնածու, ամբիոնի վարիչի պաշտոնակատար Նաիրա Դալյանը, Հասարակագիտության ամբիոնը՝ ներկայիս պաշտոնակատար Հայկ Սուքիասյանը, իսկ Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս պաշտոնակատար Աննա Հարությունյանը։
Գիտական խորհրդի անդամները հաստատեցին նաև դոցենտի գիտական կոչման ներկայացված արվեստագիտության թեկնածու Սյուզաննա Գրիգորյանին և մանկավարժական գիտությունների թեկնածու Սաթենիկ Մանուչարյանին։
Նիստում ՀՊՄՀ շրջանավարտների ափոփիչ ատեստավորման արդյունքների մասին զեկուցեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն ու նշեց՝ գործընթացին մասնակցել է 1583 ուսանող։ Ուսումնասիրել են մանկավարժական մասնագիտական կրթական 25 ծրագրերից 17-ի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի համապատասխանությունը ՀՊՄՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գնահատման և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերի պահանջներին։ Բացի այդ, ուշադրություն են դարձրել նաև ընտրված թեմաների արդիականությանը, ՈԱՇ-ի, ՈՈՇ-ի համապատասխան մակադակներին, թեմաների և աշխատանքների բովանդակության ՄԿԾ-ին համապատասխանությանը, ուսանողի՝ ինքնուրույն հետազոտություն կատարելու, տվյալներ մշակելու և հիմնավորված եզրակացություններ կատարելու, փաստարկման, կատարված աշխատանքի դրական կողմերին և տիպային թերություններին, ղեկավարների և գրախոսների կարծիքներին։
Նաիրա Սաֆարյանը առաջարկեց գործող բոլոր մասնագիտություների համար վերանայել ՀՊՄՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գնահատման, մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերը՝ դարձնելով առավել արդիական և միասնական։
Գիտական խորհրդի որոշմամբ՝ ֆակուլտետների խորհուրդներում և ամբիոնների նիստերում կքննարկվեն հանձնաժողովների նախագահների առաջարկություններն ու դիտողությունները, իսկ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները հաստատելիս հաշվի կառնվեն արդիականությունը, մեթոդական ուղղվածությունը՝ բացառելով տարեցտարի կրկնվող թեմաներն ու պաշտպանության երաշխավորելով միայն համապատասխան մակարդակ ունեցող աշխատանքները։
Ուսանողական խորհրդի գործունեության, նրանց իրավունքների և շահերի պաշտպանություն մասին նիստում ներկայացրեց կառույցի նախագահ Պարույր Գալստյանը։ Բանախոսը վստահեցրեց՝ մշտապես քննարկում են ուսանողների բողոք-դիմումներն ու առաջարկությունները, դրանք ներկայացնում ՀՊՄՀ ղեկավար մարմիններին, իսկ ուսանողներին հուզող խնդիրները վերհանելու նպատակով պարբերաբար անցկացնում սոցիոլոգիական հարցումներ:
Պարույր Գալստյանն ընդգծեց՝ կարևորում են կամավորական աշխատանքները․ համագործակցելով ռեկտորատի հետ՝ իրականացնում են հանրօգուտ աշխատանքներ։ Նա խորհրդի ուշադրությանը ներկայացրեց կառույցի 30-ամյակի շրջանակներում իրագործած լայնամասշտաբ միջոցառումները, մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությունները, ամենամյա «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը և այլն։
Ուսխորհրդի նախագահը ներկայացրեց նաև միջազգային համագործակցությունները, իրականացրած ռազմահայրենասիրական բնույթի ծրագրերը․ «Ուսանողական խորհրդի կազմում հասարակական գործունեություն է ծավալում ավելի քան 350 ուսանող և հետբուհական կրթություն ստացող: Այս տարի կառույցն իրականացրել է 460 –ից ավելի միջոցառում»,-ամփոփեց Պարույր Գալստյանը։
Գիտական խորհուրդը կարևորեց իրականացվող ծրագրերում և միջոցառումներում առավել շատ թվով ուսանողների ներգրավվումը, արտերկրյա ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների հետ կապերի ընդլայնումը, փոխանակման ծրագրերի իրականացմանը նպաստելը։ Կարևորվեց նաև ուսանողներին հուզող խնդիրների վերաբերյալ ընդհանրական վերլուծության իրականացումը։
Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված 5 թեկնածուական ատենախոսությունների թեմաներ, երաշխավորեց նաև հրատարակման ներկայացված Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Ռուզաննա Սիմոնյանի՝ «Ջրիմուռներ, սնկանման օրգանիզմներ, սնկեր» ու Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Անժելա Մինասյանի՝ «Ստոխաստիկայի տարրերի դասավանդման մեթոդիկա» ուսումնական ձեռնարկները։
Գիտական խորհուրդը հաստատեց նաև առկա ուսուցման համակարգի բակալավրի նոր և 2025-2026 ուսումնական տարվանից ներդրվող «Արվեստ», «Արվեստ-Արհեստ» կրթական ծրագրերը, 2025-2026 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի առկա և հեռակա համակարգում ուսման վարձերի փոփոխությունը, ինչպես նաև ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց վարժարանում վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայությունների իրականացման ծրագիրը։
Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, 7 դոցենտի հանձնեց վկայականները։