ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտության երրորդ աստիճանն անհրաժեշտություն է
06.10.2017
Գիտության երրորդ աստիճանն անհրաժեշտություն է

Մանկավարժական համալսարանում կայացավ Սերգո Երիցյանի, Արմեն Ճուղուրյանի և Ատոմ Մխիթարյանի համահեղինակած «Դոկտորանտուրա. բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման հիմունքներ» ուսումնամեթոդական ուղեցույցի շնորհանդեսը:

Այն հրատարակման է ներկայացվել ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ: Աշխատության հեղինակաները ներկայացնում են հետբուհական կրթության արևմտյան փորձը՝ զուգահեռներ անցկացնելով ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջև: Համահեղինակների կարծիքով՝ անցումն ասպիրատուրայից դոկտորանտուրայի արդեն անհրաժեշտություն է. ասպիրանտական և դոկտորանտուրական կրթական համակարգերի միջև առկա են էական տարբերություններ:

Մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի ղեկավարության անունից շնորհավորեց համահեղինակներին գրքի լույսընծայման առթիվ և վստահեցրեց, որ գրքում ներկայացված են դոկտորանտուրայի կազմակերպման հիմունքներ, որոնք խիստ կարևոր են կրթության երրորդ աստիճանի գործընթացը կազմակերպելու, դրա վերաբերյալ բավարար պատկերացում կազմակերպելու տեսանկյունից:

«Կրթության 3-րդ աստիճանը մենք բաց ենք թողել և կարծես ռիսկ չենք անում ոտք դնել այդ համակարգ: Մեր մտածողությունն ու գիտական աստիճանաշնորհման նախկին համակարգին ամուր կառչած լինելը հնարավորություն չեն տալիս հեշտությամբ գնալ բարեփոխումների և այս ասպարեզում ունենալ շոշափելի հաջողություններ»,-նշեց գրքի համահեղինակ պրոֆեսոր Սերգո Երիցյանը և հավելեց, որ գրքի ստեղծման ընթացքում առաջնորդվել են բացախոսության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով:

Սերգո Երիցյանի կարծիքով՝ դոկտորանտուրայի համակարգում փոփոխությունները պետք է լինեն հասցեական և նպատակային, բայց ոչ դանդաղ, իսկ ձեռնարկը կնպաստի սկսնակ դոկտորանտներին ձեռք բերել ինքնակազմակերպման նոր մակարդակ, կանխարգելել դոկտորանտական կրթության ձախողման ռիսկերը, ցանկալի վերջնարդյունքներին հասնելու համար լինել ստեղծարար և շահագրգիռ:

«Դոկտորանտուրան ծառայում է գիտության զարգացմանը, ոչ թե հանուն գիտության»,-նշեց ձեռնարկի հեղինակներից Արմեն Ճուղուրյանն ու ներկայացրեց եվրոպական հայտնի համալսարաններում դոկտորանտուրայի ձևավորումը, մեզանում այդ համակարգի ստեղծման կարևորությունն ու նպատակները:

Համահեղինակ Ատոմ Մխիթարյանն էլ անդրադարձավ ձեռնարկը գրելու հիմնական շարժառիթներին՝ ՀՀ կառավարության ծրագրից մինչև գիտության, կրթության և արտադրության ու նորարությունների ինտեգրացիա: Նա ընդգծեց նաև, որ հայկական գիտական համակարգում այս դաշտն ուսումնասիրված չէ և չկան կրթության երրորդ աստիճանի կազմակերպման ընդհանուր չափանիշներ:

Ընդունելության, գիտական աստիճանաշնորհման կարգից մինչև ատենախոսությունը գրելու, դոկտորանտուրան հետազոտության հետ կազմակերպելու ձևեր և այլն. Ատոմ Մխիթարյանը վստահեցնում է՝ ձեռնարկն իր գործուն աջակցությունը կունենա դոկտորանտուրայում ուսանողների կազմակերպչական վարքի բարելավման գործում և շրջանավարտներին տեղին ու ժամանակին կուղղորդի ցանկալի ու մրցունակ գիտակրթական վերջնարդյունքների ձեռքբերման:

Մանկավարժական համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանն ուրախությամբ նկատեց՝ վերջապես կա ձեռնարկ, որ կարող է ուղեցույց հանդիսանալ գիտական գործունեության կազմակերպման համար:

«Մինչև այժմ հայ իրականությունը նման գործընթացներում առաջնորդվել է ռուսական գիտական աշխարհում հայտնի գիտական մեթոդական տարբեր ձեռնարկներով: Գիտության մեջ կան չլուծված բազում հարցեր, որոնց պատասխանները ակնկալում ենք ստանալ նմանատիպ ձեռնարկներից»,-նշեց Կամո Վարդանյանն ու առանձնացրեց գրքի մի քանի արժեքներ գիտական տարբեր աստիճանների համարժեքության տեսանկյունից:

Նշենք, որ ձեռնարկը օգտակար է բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ աստիճանում սովորող ուսանողների համար, քանի որ աշխատությունում ներկայացվում է, թե ինչպես հրատարակել գիտական հոդված, արդյունավետ մասնակցել գիտաժողովներին, ձևակերպել հետազոտության նորույթը, շարադրման հմտությունները և այլն:

Շնորհանդեսի հյուրերին կատարումներով ողջունեց «Նաիրյան» վոկալ խումբը: