ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գիտությունը ճշմարտությանը հասնելու ամենաճիշտ ճանապարհն է»
17.09.2021
«Գիտությունը ճշմարտությանը հասնելու ամենաճիշտ ճանապարհն է»

«Պետականությունը եղել և մնում է բարձրագույն արժեք, և շատ կարևոր է, որ մեր նոր սերունդը խորապես գիտակցի դա: Այն չենք կարող անվերջ սպառել, ընդհակառակը, ամենօրյա նվիրումով պետք է կերտենք, հզորացնենք մեր երկիրը, փայփայենք 30-ամյա անկախության ձեռքբերումներն ու մեր ներդրումն ունենանք դրա ամրապնդման գործում»,-Մանկավարժական համալսարանում կայացած «Անկախություն, պետականություն, հայրենիք» խորագրով հանրապետական գիտաժողովի բացմանը նշեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:

Կարևորելով Ուսանողական գիտական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպված գիտաժողովը՝ Էդգար Հովհաննիսյանը շնորհավորեց և հորդորեց ուսանող երիտասարդությանը տեր կանգնել և աչքի լույսի պես պահպանել տասնամյակների ձեռքբերումները:

«Գիտաժողովը շատերիդ գիտության ճանապարհին արված առաջին քայլերն են: Ձեզնից ոմանք այսօր կհասկանան՝ գիտության մեջ ասելիք ունե՞ն, թե՞ ոչ: Անկախությունը, պետականությունն ու հայրենիքը մեծ արժեքներ են»,-նշեց ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանն ու հավելեց՝ անկախության սերունդը կկարողանա ճիշտ ճանապարհով քայլել՝ իր նպաստը բերել հայրենիքի շենացման գործին:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանի կարծիքով՝ անկախությունը չի չափվում մերօրյա չափման միավորներով.հայրենիքը չափելի չէ, բայց արժեք է, իսկ գիտությունը ճշմարտությանը հասնելու ամենաճիշտ ճանապարհն է:

Պատմաբանը շնորհավորեց գիտաժողովի մասնակիցներին՝ գիտական ասպարեզում մաղթելով մեծ հաջողություններ:

«Անկախություն, պետականություն, հայրենիք» խորագրով հանրապետական գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ՀՊՄՀ-ի, ինչպես նաև ԵՊՀ-ի, Վանաձորի և Գավառի պետական համալսարաններից հրավիրված ուսանողներ:

Բանախոսներն իրենց զեկուցումներում անդրադարձան արցախյան 44-օրյա պատերազմում սոցիալական մեդիայի դերակատարմանը, Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակման նախադրյալներին, վերջին 30 տարիների քաղաքական գործունեությանը, 1990-ականների սկզբին հայոց անկախ պետականության կերտմանը, 1994-1998 թթ., արցախյան բանակցային գործընթացին, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքին և մի շարք այլ հարցերի:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր: