ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտությունը կանգառ չունի. հանդիպում ասպիրանտների և հայցորդների հետ
21.12.2017
Գիտությունը կանգառ չունի. հանդիպում ասպիրանտների և հայցորդների հետ

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կուրսի ասպիրանտների և հայցորդների ուսումնական գործընթացի սկիզբը, որի շրջանակներում  այսօր կազմակերպվել էր հանդիպում ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի  հետ:

Ռեկտորը  հանգամանորեն ծանոթացրեց համալսարանի՝ օրեցօր ընդլայնվող միջազգային կապերին, աշխարհի տարբեր երկրների դասական ու առաջադեմ համալսարանների հետ  բուհի լուրջ համագործակցությանը:

Համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը խոսեց գործընթացի մեկնարկի, բուհի որդեգրած քաղաքականության, ասպիրանտական և հայցորդական կրթության նոր ձևաչափի,  ուսումնական նոր պլանների նպատակամետ ու գործնական ուղղվածության մասին.«Կարևորվել են այնպիսի առարկաներ, որոնք հնարավորություն կտան ապագա գիտնականին ճիշտ կողմնորոշվելու և գիտական արդյունքի նկատմամբ դրսևորելու առանձնահատուկ վերաբերմունք»,-նշեց  Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարն ու  նկատեց՝ կամընտրական առարկաների շարքում ներմուծվել են նոր առարկաներ, մոտեցում, որ դրսևորվում է նաև ժամանակակից եվրոպական հետբուհական կրթական համակարգում:

Գիտահետազոտական կենտրոնի տնօրենը նկատեց՝ այս տարի հետբուհական մասնագիտական կրթական համակարգ  է ընդգրկվել 1 առկա,  բուհն ունի 7 հեռակա ասպիրանտ, 31 հայցորդ՝ նախորդ տարվանից երկու անգամ ավելի.«Մանկավարժականն  ընտրած դիմորդների մեծ մասն այլ բուհերի և գերատեսչությունների կայացած մասնագետներ են, իսկ  գործընթացում ընդգրկված են բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական մեծ փորձ ունեցող ներկայացուցիչները»:

Ի դեպ, ասպիրանտների և հայցորդների համար ևս առաջիկայում կներդրվի Google Classroom էառցանց հարթակը, որն էլ հանգամանորեն ներկայացվեց  վերջիններիս: 

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով նաև բուհի շրջանավարտ ու ասպիրանտ է եղել: Պրոֆեսորը հորդորեց գիտության ոլորտն ընտրած ուսանողներին քայլել աշխարհի առաջընթացի հետ համընթաց, մայրենիին ու մասնագիտական գիտելիքներին տիրապետելուց զատ սովորել օտար լեզուներ և երբեք ոչինչ չարտագրել.« Գիտությունը կանգառ չունի»,- նկատեց պրոֆեսորը:


Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Աիդա Թոփուզյանն էլ նշեց.« Ձեր կյանքում մի նոր փուլ է սկսվում, որը երկուստեք է կարևոր: Պետք է պատրաստ լինել պատվով իրականացնել ձեզ  վերապահված առաքելությունը, կարողանալ գիտության մեջ ինքնադրսևորվել ինքնատիպ մտքերով»:

Մանկավարժականի հայցորդ Թագուհի Մակարյանն իր ու ընկերների անունից վստահեցրեց՝ ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությամբ՝  պատվով կանցնեն դեպի գիտություն տանող ճանապարհը: