ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գնալ նորամուծությունների և չվախենալ քննադատություններից»
28.04.2017
«Գնալ նորամուծությունների և չվախենալ քննադատություններից»

Մանկավարժական համալսարանում էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը խոսեց ոլորտի անելիքների, երիտասարդների հետ կապված նախարարության ծրագրերի և հեռանկարների մասին:

«Ես այս բուհում հյուր չեմ. 1985-ից այս շենքի հետ եմ կապել իմ ողջ կյանքի ընթացքը՝ բախտ ունենալով աշխատել մի քանի սերունդների հետ»,-Կուլտուրայի ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մշակույթի նախարարն ու հավելեց, որ սա յուրօրինակ և պատասխանատու հանդիպում է իր պատանեկության և երիտասարդության հետ:

Զրույցի հենց սկզբում նախարարն ուսանողներին դիմեց որպես իր ապագա գործընկերներ՝ ակնկալելով լսել կառույցի անելիքների վերաբերյալ առաջարկներ, գտնել հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված ընդհանուր եզրեր:

Խոսելով նախարարության որդեգրած բարեփոխումներից՝ նախարարը նախևառաջ կարևորեց մշակույթի կապիտալիզացիան՝ արժևորումը, ինչն էլ կբերի մշակույթի հանրահռչակմանը:

Պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում, կինոարտադրության խթանում,մասնավորապես՝ կինոարտադրողի ինստիտուտի ստեղծում՝ ամերիկյան ընկերության հետ համատեղ, գրահրատարակչության, թանգարանային ոլորտներում նախատեսված ծրագրեր և այլն. նախարար Ամիրյանը մշակույթի ոլորտի ապագա ներկայացուցիչների հետ քննարկեց այս և այլ ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, մտահղացումներն ու անելիքները, որոնք թելադրում է ժամանակը՝ աշխարհի հետ համընթաց քայլելու համար:

Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ գործառույթներն ու բարեփոխումներն իրականացնելիս նախարարությունը փորձում է ստեղծել գրքի հանդեպ նոր հետաքրքրություն, այնպես անել, որ ազատ ժամանցը համատեղվի արվեստի հետ, իսկ հայկական մշակույթը հանրահռչակել ոչ միայն պատմամշակութային արժեքներով, այլև ժամանակակից արվեստով:

Հանդիպման ընթացքում նախարարը հանդես եկավ նաև կոնկրետ առաջարկով. այն ուսանողները, որոնք պատրաստ կլինեն վերադառնալ հայրենի գյուղ կամ քաղաք և ստեղծել մշակութային միավոր, նախարարությունը 2 տարով կֆինանսավորի կառույցի ծախսերը՝ նախապես քննարկելով դրա հետագա բիզնես նպատակները.«Գնացեք նորամուծությունների և մի վախեցեք քննադատություններից»:

Նախարարի հետ հանդիպումը շարունակվեց ուսանողների հետ հարցուպատասախանով՝ թանգարանային հավելվածի ստեղծումից մինչև նախարարությունում աշխատելու ցանկությամբ:

Հանդիպումն ավարտվեց նախարարի խոստումով. «Պահպանենք հինը, ստեղծենք նորը. ե՞րբ է գալու նորը» ուսանողի հարցին՝ նա տվեց լավատեսական պատասխան՝ շուտով:

Ի դեպ, համալսարան այցի ընթացքում Արմեն Ամիրյանը եղավ նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետում և պատվոգրեր հանձնեց Ապրիլի 7-ի առթիվ բացված ցուցադրության լավագույն երեք մասնակիցներին: