ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գործնական դաս` Սամվել Սևադայի արվեստանոցում
26.02.2020
Գործնական դաս` Սամվել Սևադայի արվեստանոցում

Ապագ լուսնկարիչների մասնագիտական հերթական բաց դասն այսօր անցկացվեց գեղանկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադայի արվեստանոցում:

Արվեստի ուրույն միջավայր, ուր հայտնվողն ակամա ինքն էլ դառնում է այդ առանձնահատուկ միջավայրի մասնիկը, փորձում հասկանալ լուսանկարչության գաղտնիքներն ու նրբությունները, խորանալ նրա տեսանելի ու անտեսանելի շերտերում…

Սամվել Սևադան արդեն 4 տարի դասավանդում է այս կուրսում և իր բաց դասն էլ սկսեց ուսանողներից յուրաքանչյուրին նկարագրելով. աշխատում են մի ընտանիքում, որի հիմքում սերն է լուսանկարչական արվեստի հանդեպ:

Դասը շարունակվում է աշխատանքային եռուզեռով՝ վերածվելով գործնական միջավայրի: Ուսանողներ Նաիրա Ղազարյանը, Գայանե Ղազարյանը, Անի Մնացականյանը, Արա Պողոսյանը, Մարկ Պետրոսյանը, Մանուել Ստեփանյան, Լյուդմիլա Ավագյանը և Հայկ Հովհաննիսյանը նկարում են դիմանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիա: Բնորդուհի, Սամվել Սևադայի սան Լուսինե Մելիքյանին են նկարում՝ մրգերի ու ծաղիկների համադրումով… Նուրբ աչք ու մի քիչ էլ երևակայություն, և պատկերն ստացվում է, պահը՝ դառնում լուսանկար: Մոնիկա Նահապետյանն ու Միլենա Մանուկյանն էլ աջակցում են լուսանկարային միջավայրի ստեղծմանը՝ ուսանողների համար փոփոխելով արվեստանոցում ներկայացված լուսանկարելու ամենատարբեր իրերն ու առարկաները:

Ուսանողները պատրաստվում են դիպլոմային աշխատանքների իրականացմանը, արդեն ընտրված թեմաներն էլ խոսուն են՝ «Տիկնիկագործի առօրյան», «Լույս ու ստվեր», «Դեպի Գյումրի», «Հայաստանի բնությունը» և այլն:

Հարցին` ի՞նչն է ամենից շատ կարևորում ուսանողների հետ տարվող աշխատանքում, Սամվել Սևադան պատասխանում է. «Կարևորը ուսանող-դասախոս հարաբերությունների անկեղծությունն է, երբ ոչ մի ուսանող չի բացակայում դասերից, հետևում եմ, որ ուսանողները շատ կարդան արվեստին վերաբերող գրքեր, կարողանան հասկանալ ինչպես գեղարվեստական ներքին զգայական շերտերը բացել լուսանկարչության միջոցով, ինչպես ընտրել թեմաներ… »:

Սամվել Սևադան փաստում է, որ սովորաբար 10-ից 1-ն է կարողանում տեսնել լուսանկարելու լավագույն կադրը, իսկ ինքը սիրով է շարունակում ուսանողներին սովորեցնել կադրը տեսնելու շնորհքն ու հմտությունները:

Սամվել Սևադան ուսանողների հետ շրջել է Հայաստանում, բնապատկերները դարձել են գեղեցիկ լուսանկարներ, որոնց միջոցով բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպել՝ մշտապես ունենալով համալսարանի ղեկավարության ու ծնողների աջակցությունը:

Բաց դասին մասնակցում էր նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը. նրանք վստահ են` նման դասերն արդյունավետ են, քանի որ ուսանողներին աշխատելու և նոր դրական լիցքեր են հաղորդում: