ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրական հանդիպում Էջմիածնում
26.10.2015
Գրական հանդիպում Էջմիածնում

ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի 119-րդ հանդիպումը կազմակերպվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Հյուրերին դիմավորեցին Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի ավարտական կուրսի սան Հարություն սարկավագ Քեշիշյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամները ճեմարանի սաների և  տեսուչ հայր Գարեգին վարդապետի ուղեկցությամբ եղան  Մայր Աթոռում, Ռուբեն Սևակի պատկերասրահ-թանգարանում, ծանոթացան սրբություններին և ցուցանմուշներին:  

Շրջայցից հետո հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում կայացավ ՀՊՄՀ-ի «Չորեքշաբթի» և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների «Սերմնացան» գրական ակումբների համատեղ հանդիպումը, որին ներկա էին նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ՀՊՄՀ-ի դոցենտ Հակոբ Թադևոսյանը: 

Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց ակումբի մասնակիցներին, որոնք, ի դեպ, հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ են, ապա նաև կառույցի առաքելությունը՝ քաջալերել  նոր քայլեր կատարող երիտասարդ  ստեղծագործողներին,  հասարակության տարբեր տարիքային խմբերի ստեղծագործողների միավորել մեկ հարկի ներքո,  ապահովել փորձի շարունակականությունն ու ստեղծագործող մտքի վերարտադրողականությունը:

Ակումբի անդամները ներկայացրին իրենց ստեղծագործությունները, ծավալվեց երկխոսություն: 

Հանդիպման ավարտին Հայր Գարեգին վարդապետը բարեմաղթանքներ հղեց և օրհնություն խոսք ասաց.գիտական նիստն ավարտվեց նվերների փոխանակմամբ և Պահպանիչ աղոթքով: