ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրական մեծագույն նվեր հայ հասարակությանը
20.09.2018
Գրական մեծագույն նվեր հայ հասարակությանը

«Թեքեյան» մշակութային միությունում կայացավ գրող, հրապարակախոս, գրականագետ ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանի «Ժամանակի և ժամանակակիցներու հետ» գրքի շնորհանդեսը:

Գրականագետը ժողովածուում մեկտեղել է ժամանակակիցների գրական մարդկային ամբողջական պատկերներ, դիմանկարներ, հոդվածներ, վերլուծականներ, ինչպես նաև տևական ժամանակի իր գրական գործունեության ամբողջական պատկերը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց գրքի լույսընծայման առթիվ և ընդգծեց, որ Երվանդ Ազատյանն իր իմացությամբ Սփյուռքի խոշորագույն մտավորականներից է, ում անվան կողքին հնարավոր չէ դասել ոչ մի այլ մտավորականի:

«Սփյուռքի տարբեր բնագավառներում ունենք միջազգային ճանաչում ունեցող բազում մտավորականների, սակայն հայկական իրականության նման վերլուծող և գիտակ սփյուռքահայ գործիչ չունենք. հայրենիքը ձեր սրտում է և ձեզ հետ»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ ժողովածուն մեծագույն նվեր է հայ հասարակությանը:

Շնորհանդեսին ներկա էին գրողներ, գրականագետներ, գրչակից ընկերներ և պարզապես ընթերցասեր հասարակություն, որոնք իրենց ելույթներում ընդգծեցին Երվանդ Ազատյանի գրականագիտական մեծ վաստակն ու արգասաբեր գործունեությունը:

«Խոսքկապ հասարակական գործունեության, ամուսնություն մամուլի հետ, իսկ սիրուհին՝ գրականագիտությունն է»,-գրող-հասարակական գործչի գործունեությունն այսպես բնորոշեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և ներկայացրեց Երվանդ Ազատյանի կենսագրությունը, գրական հարուստ ժառանգությունն ու անցած ուղին:

Հակոբ Ավետիքյանի կարծիքով՝ Երվան Ազատյանի հարուստ կենսագրությունն էլ է փաստում, որ նա կռվող է, պայքարող, մասնակից և ոչ թե դիտորդ:

Գրականագետ, Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ու գրաքննադատ, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանը ևս իրենց խոսքում կարևորեցին ժողովածուի լույսընծայումը՝ ընդգծելով, որ դրանում երևում է որոշակի գրողների գրական, մարդկային և մշակութային պատկերը: Նրանց կարծիքով շատ կարևոր է վերարժևորել և գրական հանրությանը ներկայացնել մեր անցյալի գրականության մոռացված դեմքերին:

Գրքի խմբագիր Երվանդ Տեր-Խաչատրյանն էլ հավելեց, որ Երվանդ Ազատյանը կես դարից ավելի քայլում է հայկական իրականության կենտրոնական պողոտայով և իր թափանցիկ հայացքի տակ է պահում մեր իրականության գրեթե բոլոր կողմերը, հայ գրական-մշակութային կյանքի կարևոր և ուշագրավ գրեթե բոլոր իրադարձությունները:

«Իր բազմաբնույթ և բազմապիսի հոդվածներով նա մշտապես հայրենիքում է, հայրենիքում է նաև իր մշտական այցելություններով, Հայաստանի կյանքի իր գործուն մասնակցությամբ»,-նշեց գրքի խմբագիրն ու հավելեց, որ այս հատորով նա այլևս մշտական ներկայություն է Հայաստանում:

Շնորհանդեսի ավարտին Երվանդ Ազատյանը շնորհակալություն հայտնեց գրքի կազմման, լույսընծայման մասնակիցներին և հավելեց, որ խմբագրի շնորհիվ այս գրքում ճանաչեց ինքն իրեն, տեսավ իր գրական դիմագիծը, իսկ ընթերցողն էլ ծանոթացավ իր գրական ունեցվածքին:

«Արևմտահայերենը սիրելու պես բան է, իսկ նրա հետ իմ առնչությունը՝ տխուր և ուրախ իրականություն. դրանով գրելը կամ կարդալն ինձ համար ինքնալիցքավորվելու պես բան է: Ուզում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո գրենք պողպատե բառերով, որ գրականությունն էլ լինի սիրո և համերաշխության գրականություն»-նշեց Երվանդ Ազատյանն ու խոստովանեց՝ գրողին մշտապես հաճելի է լսել գնահատանքի խոսքեր: