ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գրական թերթ»-ը Բանասիրական ֆակուլտետում ունի ընթերցողների մեծ խումբ
21.04.2017
«Գրական թերթ»-ը Բանասիրական ֆակուլտետում ունի ընթերցողների մեծ խումբ

«Յուրաքանչյուր անհատ ունի իր սիրելի պարբերականը, թերթը: Մեզնից շատերի համար սիրելին «Գրական թերթ»-ն է, որի լույս տեսնելուն անհամբերությամբ սպասում ենք յուրաքանչյուր ուրբաթ: Թերթում զետեղված նյութերը մտերմիկ զրույցներ են ընթերցողի հետ»,-«Գրական թերթ»-ի աշխատակազմի հետ արդեն ավանդական դարձած հանդիպմանը նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:

Թերթի անցած ճանապարհի, խորագրերի,  մատուցվող նյութերի մասին խոսեց նաև թերթի խմբագիր, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Աելիտա Դոլուխանյանը:

Վերջինս իր ուսանողներին մշտապես  հարցնում է և հորդորում կարդալ «Գրական թերթ»-ը. ապագա բանասերները չպետք է հեռու մնան գրական կյանքից:

«Գրական թարգմանությունները, տարակարծությունները, մեր իրականությունում տեղ գտած ստվերային հարցերի մասին համարձակ հոդվածները թերթը դարձնում են առավել հետաքրքիր ընթերցողների համար»,-հավելեց Աելիտա Դոլուխանյանը:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողները զգալի մասը «Գրական թերթի» հավատարիմ ընթերցողներն են:

Նրանք համոզված են, որ թերթը ծառայում է երիտասարդների գրական մտածողությանը, որը բացահայտում է երևույթների ներքին, էական կապերը, տալիս բանիմացություն, զարգացնում է սերնդի գրական ճաշակը, օգտակար տեղեկատվություն տալիս ժամանակի գրական ու մշակութային դեմքերի, իրադարձությունների մասին:

«Գրական թերթը մեզ ուղեկցում է դեռ 30-ականներից, ինչը  ժամանակի հայացքի մեջ  ունի բովանդակային խորք: Թերթը հաջողություն ունի, երբ ընթերցողի կյանքում կարողանում է որևէ բան փոխել, նրան տանել դեպի առաջընթաց ու զարգացում:  80-ականներից թերթը միշտ փորձել է գտնել իրեն, պահպանել խոսքի կշիռն ու ըմբռնումը»,-նշեց Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Վերջինս նկատեց՝ փաստ է՝ «Գրական թերթ»-ի ներկայությունը Մանկավարժականում.ուսանողները կարիք ունեն հաղորդակցվելու արժեքների և արժևորումների հետ:

Պրոֆեսոր Մարտին Գիլավյանն իր մտահոգությունը հայտնեց թերթում ժամանակի գրականության հանդեպ գրաքննադատների վերաբերմունքի արտացոլման վերաբերյալ.««Գրական թերթ»-ը գրական պրոցեսներ չի առաջացնում, այլ փորձում է հասնել նրան, որ ընթերցողը հասկը մղեղից կարողանա տարբերել, թերթի գրականագիտական միտքը հասցնել ընթերցողին»:

Հանդիպմանը ներկա էին նաև «Գրական թերթ»-ի տարբեր տարիների երեք խմբագիրները՝  Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանն ու Կարինե Խոդիկյանը:

Շաբաթաթերթի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն իր խոսքում նշեց՝ Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետում կա ընթերցողների մեծ խումբ.« Մենք ինչ-որ չափով պատասխանատվություն ենք կրում երիտասարդ ընթերցողների գրական ճաշակին նպաստելու և աշխարհայացք ստեղծելու  համար»:

«Եթե գրողը կարող է հաշվի չնստել ընթերցողի հետ, ապա խմբագիրն ակնկալում է ընթերցողի բարյացակամությունը և դուք՝ ընթերցողներդ, պետք է շահագրգռված լինեք թերթի որակի համար»,- նշեց  գրող, թերթի  նախկին խմբագիր Նորայր Ադալյանը:

Մեր իրականության մեջ ամենաերկարակյաց գրական թերթին ներկաները մաղթեցին երկար ճանապարհ և բազում ընթերցողներ: