ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրողի մեծագույն մրցանակը ընթերցասեր հասարակության գնահատականն է
31.10.2018
Գրողի մեծագույն մրցանակը ընթերցասեր հասարակության գնահատականն է

«Հայկ Նագգաշեան գրական գնահատանք» հիմնադրամի և ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց 1-ին գրական մրցանակաբաշխությունը:

Միջազգային մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա էին գրողի ընտանիքի անդամները, գրողներ, գրականագետներ, ուսանողներ, ընթերցասեր հասարակություն:

Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ողջունեց հյուրերին, մրցանակաբաշխության մասնակիցներին և ներկայացնելով հուշեր, փաստեր գրող, հրապարակախոս Հայկ Նագգաշյանի մասին՝ վստահեցրեց՝ այս մրցանակաբաշխությամբ գրական անդաստանում կհավերժանա նրա անունը:

Մրցանակների ամփոփմանը զուգահեռ ներկայացվեց գրողի կյանքը, ստեղծագործական գործունեությունը, ինչպես նաև լեզվական, գրական շնորհները ներկայացնող պատառիկներ նրա ստեղծագործություններից:

Գրողների միության փոխնախագահ, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը կարևորեց մրցանակաբաշխության անցկացումը հատկապես երիտասարդ ստեղծագործողների մասնակցության տեսանկյունից, ինչը կնպաստի նոր վերելքներ ու ձեռքբերումներ ունենալուն: Նրա կարծիքով՝ մրցանակները շատ կարևոր են ստեղծագործողի կյանքում և այդ գործում մեծ դեր ունեն Սփյուռքում և հայրենիքում անցկացվող ամենատարբեր մրցանակաբաշխությունները:

Հայկ Նագգաշյանի որդին՝ Շահեն Նագգաշյանը շնորհակալություն հայտնեց մրցույթի դիմորդներին և հույս հայտնեց, որ տարեցտարի նրանց թիվը կավելանա: Վերջինս հավելեց, որ հիմնադրամը նպատակ ունի նման ձեռնարկով խրախուսել և գնահատել այսօրվա գրողներին:

Նագգաշյանների ընտանիքը բեղուն գրիչ, նոր հաջողություններ մաղթեց մասնակիցներին և վստահեցրեց, որ գրողի համար աշխարհում բոլոր մրցանակներից մեծագույնը ընթերցասեր հասարակության գնահատականն է:

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ՝ «Հայկ Նագգաշեան գրական գնահատանք» հիմնադրամի մրցանակին արժանացավ գրող Անի Ամսեյանը՝ «Ճանապարհ դեպի լռություն» գրքով: Անի Ամսեյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և մեծագույն պարգև համարեց անվանի գրողի, հասրակական գործչի անվան հիմնադրամի մրցանակին արժանանալու համար: