Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի և «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ գրքերի պարգևատրման արարողություն:
Ավանդաբար խրախուսական պարգևներ հանձնվեցին Բանասիրական ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողներին, որոնց դիպլոմային աշխատանքը կամ մագիստրոսական թեզը հայ նոր և նորագույն շրջանի գրականության վերաբերյալ էր։
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն առանձնակի հպարտությամբ նշեց՝ ուսանողների հետ մեծ սիրով կիսվում է իր տարիների աշխատանքով՝ լավագույններին նվիրելով «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հրատարակած գրքերը։
Այդ շարքում էին նշանավոր պոլսահայ գրող Զարեհ Խրախունու մեծածավալ երկու հատորները՝ «Տոնազանգ» և «Տոնականչ», արգենտինահայ անվանի արձակագիր և մանկավարժ Պետրոս Հաճյանի «Կարկեմիշը», ինչպես նաև սփյուռքահայ և հայրենի ժամանակակից գրողների՝ վերջին տարիներին լույս տեսած շուրջ երկու տասնյակից ավել գեղարվեստական հատորներ:
Բանասիրական ֆալուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանն էլ նկատեց՝ Մանկավարժական համալսարանը և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ուսանողներն այս տարիների ընթացքում ստանան բարձրակարգ կրթություն և դառնան մրցունակ մասնագետներ:
Ուսանողների անունից 4-րդ կուրսի ուսանող Թագուհի Աղասյանը շնորհակալություն հայտնեց և խոստովանեց՝ դժվարությամբ են բաժանվում սիրելի համալսարանից: Այստեղ ոչ միայն մասնագիտական գիտելիքներ են ստացել, այլև ձևավորվել են իբրև մարդ, անհատ, ինչի համար էլ երախտապարտ են դասախոսներին: