ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրքերի  շնորհանդես՝ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում
08.09.2021
Գրքերի  շնորհանդես՝ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում

Այս տարի լրացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի ծննդյան 155-ամյակը և բյուզանդագետ, հայագետ, պատմաբան, բանասեր Նիկողայոս Ադոնցի ծննդյան 150-ամյակը։

Հոբելյանական տարվա շրջանակում՝ Մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ընթերցողի դատին հանձնել «Նիկողայոս Ադոնցը միջազգային ճանաչում ունեցող բյուզանդագետ և հայագետ» հոդվածների, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը` «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության․գիրք ԻԳ․ Տ․ Ներսես արք․ Մելիք-Թանգեան (1866-1948)» փաստաթղթերի ժողովածուները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանն ու Մանկավարժական համալսարանը, արժևորելով հոբելյարների ներդրումը հայագիտության մեջ և կարևորելով նրանց հսկայածավալ գործունեությունը, Ս․ Էջմիածնի Մատենադարանում  կազմակերպել էին  գրքերի շնորհանդես:

Ներկա էին  հոգևորականներ, ակադեմիկոսներ, բանասերներ, պատմաբաններ, արխիվագետներ. վերջիններս  ևս մեկ անգամ արժևորվեցին և գնահատեցին ոչ միայն հրատարակված  գրքերը, այլ նախևառաջ՝ հեղինակներին և նրանց գրական վաստակը:

ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը,  հանգամանորեն ներկայացրեց «Նիկողայոս Ադոնցը միջազգային ճանաչում ունեցող բյուզանդագետ և հայագետ» ժողովածուն, որտեղ զետեղվել են Ադոնցի հսկայական ժառանգության առանձին խնդիրներին նվիրված  հոդվածներ.«Մեծ խորհուրդ ունի, որ հայրենիքից դուրս ստեղծագործած և ազգանվեր գործունեություն ծավալած երկու հայ մեծագույն գործիչներին նվիրված ժողովածուների շնորհանդեսը կազմակերպվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Նիկողայոս Ադոնցը եղել է Հայկական հարցի և Հայ դատի նվիրյալ պաշտպաններից, նրա բազմաթիվ հոդվածները տպագրվել են եվրոպական նշանավոր պարբերականներում»:

Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ընդգծեց՝ Ադոնցի ութ կոթողային աշխատությունները հայագիտության հարուստ էջերից են, որ պատիվ են բերում ոչ միայն հայագիտությանն, այլև համաշխարհային նշանակություն ունեն.«Հոդվածների ժողովածուի հրատարակումը հարգանքի փոքրիկ տուրք է մեծ հայագետի ու հայրենասերի հիշատակի առաջ. հայ երիտասարդները պետք է իմանան Ն.Ադոնցի կերպարի մասին և ինչ-որ չափով նմանվեն նրան»:

Ժողովածուում զետեղվել են Ն.Ադոնցի հսակայական ժառանգության առանձին խնդիրներին նվիրված հոդվածներ, որոնց հեղինակները Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետն ավարտած գիտնականներ ու մանկավարժներ են:

Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան  Աշոտ Գալստյանն իր ելույթում բարձր գնահատեց հրատարակված գրքերի կարևորությունը՝ ընդգծելով դրանց արխիվային և հետազոտական նշանակությունը: Նա վստահ է՝ ժողովածուները կհետաքրքրեն  ընթերցողների լայն շրջանակների:

Շնորհանդեսին «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» փաստաթղթերի ժողովածուի մասին խոսեց պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը: Վերջինս ներկայացրեց 1912-1948 թվականներին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանին՝ ընդգծելով, որ վերջինս հսկայական դեր է ունեցել պարսկահայ գաղթօջախի կյանքում:

Բանասիրական ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները շրջեցին Մայր Աթոռի Մատենադարանում, ծանոթացան հին գրքերի և ձեռագրերի շքեղ պահոցին,  զգացին հայ բազմադարյա պատմության մի առանձին ժամանակաշրջանի հազվագյուտ մատյանների շունչը: