ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրքի շնորհանդես` «Հայաստանի ձկները»
09.04.2021
Գրքի շնորհանդես` «Հայաստանի ձկները»

ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում կայացավ «Հայաստանի ձկները» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ոլորտի մասնագետներ և սիրողական ձկնորսությամբ զբաղվողներ:

Հեղինակը Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանն է: Շնորհանդեսին նա ներկայացրեց գրքում զետեղված նյութերը՝ ձկների տեսակներից մինչև սիրողական ձկնորսությամբ զբաղվողների համար որոշակի հմտություններ:

Նա նկատեց` եթե ընդամենը կես դար առաջ Հայաստանում ձուկն այնքան առատ էր, որ ջուր վերցնելիս դույլի մեջ ձուկ էր ընկնում. «Այսօր մեր գետերի ու լճերի ձկները ոչնչացվում են այնքան բարբարոսաբար, որ ջրավազանները կորցրել են իրենց ձկնատնտեսական նշանակությունը և անգամ պիտանի չեն սպորտային ձկնորսության համար»,-նշեց պրոֆեսոր Պիպոյանն ու հավելեց, որ այս հարստության ոչնչացման հիմնավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մեզանում քչերն են ծանոթ ձկների կյանքի և նրանց ոչնչացնելու հետևանքների մասին:

Ըստ հեղինակի մի քանի տարվա դիտարկումների` սիրողական ձկնորսությամբ զբաղվողները ոչ միայն չեն կարողանում հստակ տարբերել Հայաստանի ջրերում բնակվող ձկնատեսակներից շատերին, այլև հստակ պատկերացում չունեն առանձին ձկնատեսակների աճի, սննդառության, բազմացման, նրանց ապրելավայրերին ու կենսակերպին բնորոշ առանձնահատկությունների մասին: Իրազեկվածության պակասը լրացնելու համար էլ հեղինակը ստեղծել է «Հայաստանի ձկները» գիրքը, որը կարող է ուղեցույց լինել սիրողական ձկնորսությամբ զբաղվողների, բնությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի համար:

Գիրքը հետաքրքիր տեղեկություններով և ձկնատեսակների լուսանկարներով կօգնի հանրության, հատկապես ձկնորսների կողմից Հայաստանի ձկների բազմազանության ճանաչմանը, ինչպես նաև նրանց պաշարների պահպանմանն ու վերականգնմանը: