ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրքի շնորհանդես՝ Մանկավարժականում
21.11.2019
Գրքի շնորհանդես՝ Մանկավարժականում

ՀՊՄՀ-ում կայացավ «Տեսողական օրգանի անատոմիա, ֆիզիոլոգիա և պաթոլոգիա» խորագրով ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:

Մանկավարժական բուհերի համար նախատեսված ձեռնարկի հեղինակներն են ՀՊՄՀ-ից՝ մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Գրիգորյանը և մանկավարժական գիտությունների դոկտոր Ռոբերտ Ազարյանը, ՀՊԲՀ-ից՝ բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մալայանն ու բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանը:

Ուսումնական ձեռնարկում ներկայացված են տեսողության օրգանի անատոմո-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, մանրամասն ներկայացված են այդ օրգանին բնորոշ ախտանշանները, ախտաբանական օրինաչափությունները, տարբեր հիվանդությունների ընթացքը, ելքը, շտկողական աշխատանքները և կանխարգելումը:

Ձեռնարկը նախատեսված է մանկավարժական բուհերի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների, առարկան դասավանդող դասախոսների, հատուկ դպրոցների մանկավարժների և ընթերցող լայն հասարակության համար:

Ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը նշանավորվեց նաև բուհի գրադարանին գրքերի նվիրատվությամբ. պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը ՀՊՄՀ-ի գիտական գրադարանին նվիրեց իր շուրջ 300 անուն գիրք՝ մասնագիտական բառարաններ, հանրագիտարաններ, տեղեկատվական այլ գրականություն: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ևս մեկ անգամ կարևորելով գրադարանները հարստացնելու նման ցանկությունն ու նախաձեռնությունը՝ ի նշան շնորհակալության պրոֆեսորին հանձնեց շնորհակալագիր:

Գրքի հեղինակներից Հակոբ Գրիգորյանը խոստովանեց՝ գրքի ստեղծումը տարիներ առաջ վատացած տեսողությունն է եղել: Ակնաբույժի մոտ այցն էլ նպաստել է Ալեքսանդր Մալայանի հետ հանդիպմանն ու գրքի ստեղծմանը:

«Սա առաջին փորձն է, երբ ակնաբուժությունն ու տիֆլոմանկավարժությունը ներկայացված են մեկ աշխատանքում: 2 տարվա ընթացքում ստեղծված գիրքը կազմված է 8 գլխից, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է ինքնաստուգման համար նախատեսված հարցաշարով»,-նշեց Հակոբ Գրիգորյանն ու հավելեց, որ գիրքը հասանելի կլինի ոչ միայն բուհի գրադարանում, այլև էլեկտրոնային տարբերակով:

Պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանն էլ խոստովանեց՝ ուրախանում է, երբ տեսողության կանխարգելման վերաբերյալ գիրք է լույս տեսնում, քանի որ ողջ աշխարհում գնալով ավելանում են կարճատեսության դեպքերը: Նա այն կարծիքին է, որ մասնագետները պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցերով և այսկերպ կարողանան տեղեկատվությունը փոխանցել ընթերցողներին, ապագա մասնագետներին:

«Գիրք նվիրելը մեզանում ընտանեկան ավանդույթ է: Չնայած ժամանակը թելադրում է իր նվաճումները, սակայն ցավով եմ նկատում, որ գրքի նշանակությունը գնալով նվազում է: Երբ ձեռքդ գիքր ես վերցնում, թերթում, շոշափում ես մարդկության ինտելեկտը»,-նշեց գրքի համահեղինակ պրոֆեսոր Մալայանն ու հույս հայտնեց, որ այն օգտակար կլինի ապագա մանկավարժների համար:

Պրոֆեսորը խոսեց նաև հայոց լեզվի պահպանման անհրաժեշտության մասին՝ խոստովանելով՝ դպրոցում և բուհում հայալեզու կրթություն չի ստացել, սակայն սկսած 1971 թվականից դասավանդել է միայն հայերենով: