ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գուրգեն Հովհաննիսյան.«Ժամանակն է դեմքով շրջվել կրթությանը»
23.11.2021
Գուրգեն Հովհաննիսյան.«Ժամանակն է դեմքով շրջվել կրթությանը»

Անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության կազմակերպման գործում ներդրած ավանդի և 60-ամյա հոբելյանի առթիվ՝ ԵՊՀ արծաթե մեդալով է պարգևատրվել ՀՊՄՀ-ի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների նորանշանակ վարչության պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գուրգեն Հովհաննիսյանը:

Նկատում է՝ իր կենսագրության մեջ ԵՊՀ-ն ու ՀՊՄՀ-ն հավասար տեղ են զբաղեցնում. գերազանցությամբ ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը, պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:

ԵՊՀ-ից հետո ՀՊՄՀ-ում աշխատանքային գործունեության սկիզբն ավելի շատ վերադարձ է համարում, իսկ բուհերի առանձնացումը՝ պայմանական. բոլորիս գործունեությունը մի նպատակ ունի՝ որակյալ կրթություն:

«Նախկինում պարգևատրվել էի Մայր բուհի ոսկե մեդալով, սակայն առավել պատվաբեր է այս մեդալը, որը շնորհվեց ԵՊՀ-ում 20-ամյա աշխատանքային գործունեությունս ամփոփելուց հետո»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Հովհաննիսյանը:

Դպրոցական առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի մեթոդական ձեռնարկների հեղինակն ընդգծում է՝ կրթությունն իր տարերքն է. Մանկավարժական համալսարանի կրթական գործընթացում ներգրավվելն էլ պատահականություն չի համարում:

Հնարավորության դեպքում ազգ-բանակ հայեցակարգը կփոխարիներ ազգ-կրթությունով. վաղուց ժամանակն է, որ հասարակությունը դեմքով շրջվի դեպի կրթությունը. այդ դեպքում կլուծվեն մի շարք խնդիրներ ևս. «Տարիների ընթացքում մենք կորցրել ենք կրթությանն անսահման նվիրված մեր ժողովրդի առանձնահատկությունը: Խորհրդային կրթությունը թեպետ բարձր մակարդակի վրա էր, սակայն այնտեղ ևս կային բացեր. կրթական ծրագրերն անհաղթահարել էին շատերի համար: Ինչպես այդ տարիներին, այսօր էլ մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում ձևն իշխում է բովանադակությանը: Գրել մի բան, որին չես հասնելու, միայն նրա համար, որ հաճոյանաս հասարակությանը՝ պարսավելի է. մենք պետք է հպարտանանք, ոչ թե գրածով, այլ ձեռքբերումներով»,-նշեց Գուրգեն Հովհաննիսյանը:

ՀՊՄՀ-ի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետը նկատում է՝ կրթության որակ ասելով պետք է նկատի ունենալ ինչպես դասավանդողներին, այնպես էլ դրա բովանդակությունը ձևավորողներին:

Ցավում է, որ շատերը կարծում են, թե կրթությունը հասարակության շրջանում պատշաճ որակ չունի, բայց քչերը գիտեն՝ ինչ է կրթության որակը. «Հասարակությունը չպետք է անհաղորդ մնա կրթական բարեփոխումներին. լինելով պահանջատեր՝ այն ևս շատ անելիքներ ունի: Հանրակրթության կարգավորումը պետք է սկսել բուհերից, իսկ ՀՊՄՀ-ն նշաձող լինի մանկավարժական մյուս բուհերի համար: Հուսով եմ՝ բուհում նախատեսված բարեփոխումները կնպաստեն, որ այն ունենա ժամանակակից, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող կադրեր»:

Գուրգեն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ուսուցիչն առաջիկայում առավել արժանապատիվ կապրի, ֆինանսները կուղղվեն ուսուցիչ պատրաստող հաստատությանը, իսկ դիմորդի մոտիվացին կլինի ոչ թե ավարտական վկայականը, այլ որակյալ կրթությունը: