ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գյումրեցի աշակերտները Մանկավարժականում էին
11.04.2025
Գյումրեցի աշակերտները Մանկավարժականում էին

Շիրակի մարզի ամենամեծ՝ Գյուրմրու N23 միջնակարգ դպրոցի 7-11 դասարանի աշակերտներն այսօր Մանկավարժական համալսարանում էին։

Սաներին բուհում դիմավորեցին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչները։

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի ուղեկցությամբ նրանք եղան ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հիմնած «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնում։

Գյումրու դպրոցի սաներն այցելեցին կենսաբանության և քիմիայի լաբորատորիաներ, ծանոթացան դրանց տեխնիկական հագեցվածությանը, սարք-սարքավորումներին, լաբորատոր նյութերին։

Սամվել Պիպոյանն ընդգծեց՝ իր տեսակով եզակի կենտրոնը ստեղծված է նաև դպրոցական համայնքի համար․ այստեղ մշտապես սպասում են նրանց՝ արդյունավետորեն իրականացնելու ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը։ Նշեց՝ լաբորատորիաներում վերապատրաստված ուսուցիչները, զարգացնելով իրենց մասնագիտական և գործնական կարողությունները, այդ հմտությունները կփոխանցեն հաջորդ սերնդին։

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Պիպոյանը, որպես կենդանաբան, նաև խոսեց մեր օրերում «Կենսաբանություն» մասնագիտության, այդ ուղղության կարևորության և անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով, եթե 19-րդ դարը համարվում էր ֆիզիկայի, մեխանիկայի, 20-րդ դարը՝ քիմիայի, ապա 21-րդ դարում առաձնակի տեղ է տրվում կենսաբանությանը։

Գյուրմրու 23 միջնակարգ դպրոցի աշակերտները եղան ՀՊՄՀ-ի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի փորձարարական լաբորատորիայում, ներկա գտնվեցին լաբորատոր առնետի վրա կատարված օձի թույնի ազդեցության ուսումնասիրությանը՝ որպես հակասթրեսոր, նյարդային և սրտային համակարգի վրա ազդող միջոց։

Դպրոցականները մասնակցեցին նաև ֆիզիոլոգիայի գծով կատարվող փորձի, մասնավորապես՝ ձկների հերձմանը, Հայաստանի ձկների ուղեցույցի միջոցով՝ ձկան արտաքին տեսքի և առանձին հատկանիշների համադրությամբ, փորձեցին տարբերակել ներկայացված ձկնատեսակները։

Աշակերտներն այցելեցին նաև բուհի Պատմության թանգարան, ծանոթացան մեկդարյա բուհի մանկավարժական հարուստ ժառանգությանը։ Գյուրմրու 23 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մարգարիտ Ավետիսյանը հույս հայտնեց, որ Մանկավարժական կատարած այցը կօգնի բնագիտական առարկաներով հետաքրքրված աշակերտներին սիրել մանկավարժությունն ու ընտրելով ոլորտը, ունենալ մեծ հաջողություններ։