ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաղթանակներ` «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունում
03.02.2017
Հաղթանակներ` «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անցկացվում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը, որին մասնակցում են հայաստանյան տարբեր բուհերի դասախոսներ:

Առաջնություններն անցկացվեցին 4 մարզաձևից՝ շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս. դրանցից 3-ը ավելացրին Մանկավարժական համալսարանի սպորտային հաջողությունները:

Առաջնության փակման արարողության և մրցանակաբաշխության ժամանակ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց դասախոսական խաղերի անցկացումն ու հավելեց, որ ֆիզիկական ակտիվությունն ու դաստիարակությունը պետք է վարակիչ լինի անկախ տարիքից, խմբից ու գործունեությունից: Կարևոր է, որ հենց դասախոսներն իրենց օրինակով ցույց տան ուսանողներին առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության այն նորմերը, որոնք պետք է ունենան նաև ուսանողները:

Շախմատի առաջնությունում ՀՊՄՀ-ից մասնակցում էին Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանն ու Ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Արմեն Ավագյանը, հրաձգության թիմի կազմում էին Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոսներ Անահիտ Թերզյանը, Հարություն Մուրադյանը, Դավիթ Ալեքսանյանը,  մարզիչ Իվան Կարապետյանը, իսկ վոլեյբոլի թիմը համալրված էր տարբեր ամբիոնների դասախոսներով:

Արագ շախմատի թիմային պայքարում ՀՊՄՀ-ի դասախոսներն հաղթանակով խաղացին բոլոր մրցակիցների հետ, իսկ հաղթական գավաթի համար պայքարը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմի հետ էր:

Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը aspu.am-ի հետ զրույցում կարևորեց միջբուհական մրցաշարերի անցկացումը՝ նկատելով, որ թեպետ շախմատ դասավանդողներն ուսանում են Մանկավարժական համալսարանում, սակայն մյուս բուհերում ևս այն լավ հիմքերի վրա է:

«Գավաթը որքան հպարտություն է, նույնքան էլ պարտավորեցնող. խնդիր ունենք առաջիկայում բուհում կանանց շրջանում ևս տարածել սպորտաձևը, որ մյուս տարի թիմը լինի առավել բազմամարդ»,-նշեց Սամվել Միսակյանն ու հավելեց, որ արքայական խաղի հանդեպ հետաքրքրության տարածմանը կնպասատի նաև 2017-2018 ուսումնական տարում Մանկավարժական համալսարանում բացվող նոր բաժինը՝ Շախմատ՝ առկա և հեռակա ուսուցման համակարգերում: Նրա կարծիքով՝ որոշումը ոչ միայն պահանջված է, այլև պարտադիր, քանի որ առարկան էլ պարտադիր է տարրական դասարաններում:

«Շախմատը փիլիսոփայություն է, արվեստ,գիտություն»,-նշում է ներբուհական առաջնությունում բուհին շախմատային հաջողություն բերած թիմի անդամ, Ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Արմեն Ավագյանը: Չնայած վերջինս պրոֆեսիոնալ սպորտաձևով չի զբաղվել, սակայն մի քանի անգամ մասնակցել է արագ շախմատի մրցաշարերին և Մանկավարժական համալսարանում անցկացված ներբուհական մրցաշարի հաղթողն է:

Ամփոփելով հունվարի 27-ին մեկնարկած «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնության արդյունքները՝ Մանկավարժական համալսարանի Շախմատի և Հրաձգության թիմերը բուհին բերեցին 1-ին տեղի 2, իսկ վոլեյբոլի թիմը՝ 3-րդ տեղի հաղթական գավաթներ:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի