ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաղթեցին «Prague stars 2016» միջազգային մրցույթ-փառատոնում
27.01.2017
Հաղթեցին «Prague stars 2016» միջազգային մրցույթ-փառատոնում

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի դոցենտ Սևադա Շհոյանը Համաշխարհային կատարողական արվեստի ասոցիացիայի կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն մենակատար», իսկ նրա ստեղծած «Նաիրի» քառյակը հաղթել «Տարվա լավագույն նախագիծ» անվանակարգում:


Պրահայում կայացած հեղինակավոր «Prague stars 2016» միջազգային մրցույթ- փառատոնում, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են 300 երաժիշտ-կատարողներ, կլարնետահար Սևադա Շհոյանը զբաղեցրել է պատվավոր 1-ին տեղը՝ էստրադա-ջազ անվանակարգում ներկայացնելով երկու ստեղծագործություն՝ ,,Irving Berlin "Puttin on the ritz " եւ Sidney Bechet "Pitite fleur":


Պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատել երաժշտի կատարողականությունն ու   հրավիրել հաջորդ տարվա փառատոնին մասնակցել արդեն ժյուրիի կազմում։

Սևադա Շհոյանն արդեն տասնինը տարի մանկավարժական գործունեություն է իրականացնում ՀՊՄՀ-ում. նրա նախաձեռնությամբ ստեղծել են սաքսոֆոնահարների և «Նաիրի» կլարնետահարների ուսանողական քառյակները, ինչպես նաև «Արև» ժողգործիքների նվագախումբը: Վերջինս «Արև»  ևս հաջողություններ է գրանցել՝ միջազգային մրցույթ-փառատոնում արժանանալով «Գրան պրի» մրցանակի:

Դոցենտի ղեկավարությամբ ուսանողական անսամբլները մասնակցել են հանրապետական համերգների և միջազգային տարբեր մրցույթների: Սաքսոֆոնահարների քառյակը լավագույնս մասնակցել է ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված Կոմիտաս վարդապետին նվիրված մրցույթ փառատոնին՝ արժանանալով շնորհակալագրերի:

Կլարնետահարների «Նաիրի» ուսանողական քառյակի երաժշտացանկում հիմնականում Կոմիտասի ստեղծագործություններն են. քառյակը հանդիսատեսին մշտապես գրավում է կոմիտասյան երգի նոր մեկնաբանություններով ու մատուցումներով:

Սևադա Շհոյանն  աշխատում է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբում որպես կլարնետահար, սաքսոֆոնահար, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ մենակատար կլարնետահար, նաև դասավանդում է Կոնսերվատորիայում և Մանկավարժական համալսարանում՝ տալով կլարնետի և սաքսոֆոնի դասեր։

«Մենք ունենք տաղանդավոր ուսանողներ, ովքեր հաճախ  ինձ փոխարինում են նվագախմբերում.դա նրանց համար լավագույն պրակտիկա է: Վերջերս 4-րդ կուրսի ուսանող Արսեն Հաջյանը Հայաստանի կամերային նվագախմբի հետ հանդես եկավ որպես մենակատար: Իմ ուսանողներով համալրված անսամբլը հաջողությամբ հանդես եկավ նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը գոհունակության և անկեղծ հիացմունքի խոսքեր հղեց մեր համալսարանի երաժշտության ամբիոնի ղեկավարությանը՝ դասավանդման արդի մեթոդներն աշխատանքի ընթացքում կիրառելու համար: Նա համալսարանական երաժիշտներին հրավիրեց համատեղ համերգների, ինչը մեծ պատիվ է և պատասխանատվություն է մեզ համար»,-նշեց Սևադա Շհոյանն ու հավելեց, որ դա նաև մեծ փորձառություն է, ինչը հետագայում ուսանողները  կօգտագործեն թե՛ դասավանդելիս, թե՛ նվագախմբերում աշխատելիս:

Դոցենտ Սևադա  Շհոյանը հպարտանում է, որ  սաներն արդեն իսկ կարողանում են պրոֆեսիոնալ նվագախմբերում հանդես գալ  և ներկայանալ կատարողական բարձր վարպետությամբ. նրանք որպես մենակատարներ և խմբերի ղեկավարներ այսօր էլ հանդես են գալիս  ՀՀ ՊՆ զինված ուժերի նվագախմբերում՝   ցուցաբերելով բարձր մասնագիտական գիտելիքներ: