ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հաղթում են, երբ տեղեկացված են». նշեցինք չտեսնողների և լոգոպեդների միջազգային օրերը
15.11.2019
«Հաղթում են, երբ տեղեկացված են». նշեցինք չտեսնողների և լոգոպեդների միջազգային օրերը

Չտեսնողների և լոգոպեդների միջազգային օրերի շրջանակներում Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը կազմակերպել էր «Մտագրոհ» խաղ-մրցույթ:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Սիփան Ասատրյանի և Սվետլանա Մուրադյանի նախաձեռնությամբ մրցույթին մասնակցում էին ինչպես ապագա հատուկ մանկավարժներ, այնպես էլ ուսանողներ այլ ֆակուլտետներից: 4 խմբերի բաժանված ուսանողները համահամալսարանական խաղ-մրցույթի ընթացքում պատասխանեցին շուրջ 20 հարցի. դրանց պատասխանները պահանջում էին տրամաբանություն, գիտելիքներ, իրազեկվածություն զարգացման տարբեր խնդիրներ ունեցողների վերաբերյալ:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը կարևորեց ձեռնարկի անցկացումը և ընդգծեց, որ այսկերպ հնարավոր կլինի ինչ-որ չափով պարզել հասարակության իրազեկվածությունն ու վերաբերմունքը այս խնդիրների շուրջ:

«Միջազգային օրերը ևս մեկ անգամ փաստում են՝ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ունեն այս կամ այն խնդիրը: Խոսում ենք ներառական կրթության, հավասար իրավունքների մասին, սակայն հասարակության մեծ հատվածը չունի զարգացման տարբեր խնդիրներ ունեցող անձանց, նրանց կրթության կազմակերպման առանձնահատկությունների մասին տեղեկատվություն»,-նշեց դեկանն ու հորդորեց կարգախոսներից անցնել կառուցողական գիտելիքների, որովհետև հաղթանակը գրանցվում է տեղեկացված լինելու դեպքում միայն:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանն էլ ընդգծեց, որ տարիներ շարունակ ֆակուլտետում միջազգային օրերը նշվել են ամենատարբեր ձևաչափերով՝ նպատակ հետապնդելով պարզել, թե ուսանողները ինչպիսի պատկերացում ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատանքի, ներառական կրթության մասին:

«Քանի դեռ կա խտրականություն, վերաբերմունքի փոփոխության կարիք հաշմանդամություն ունեցող անձնանց նկատմամբ, կան նաև այսպիսի օրերի նշանավորման կարիք»,-նշեց միջոցառման նախաձեռնողներից Սիփան Ասատրյանն ու հույս հայտնեց, որ մտագրոհը ներկաների ու մասնակիցների համար կլինի յուրատեսակ փորձաքար նոր գիտելիքներ ու փորձառություն ունենալու տեսանկյունից:

Մրցույթի արդյունքներով խաղի հաղթող ճանաչվեց մեկ թիմ. մասնակիցներն ստացան հավաստագրեր, խորհրդանշական նվերներ: