ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հաջողության բանաձև»-ը՝ «Վահան Թեքեյան»  մրցանակակիր
09.10.2021
«Հաջողության բանաձև»-ը՝ «Վահան Թեքեյան»  մրցանակակիր

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության ոլորտի լավագույններին:

Արդեն  27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ հանձնվեցին վեց անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 70 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Այս տարի «Լրագրություն» անվանակարգում հաղթողները երկուսն էին. մրցանակ շնորհվեց նաև Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ  Դիանա Մարկոսյանին՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար (Ա-ԹԻՎԻ ՀԸ):

«Հաղորդաշարի խմբագիր,  պրոդյուսեր Դիանա Մարկոսյանը մեր երկրի  ճանաչված և «դասական» լրագրողի բոլոր չափանիշներին համապատասխանող մասնագետներից է, ով երկար ու կարևոր ճանապարհ է անցել լրագրության ոլորտում:  Վերջինս արդեն մեկ տասնամյակ է, ինչ ղեկավարում է նաև ՀՊՄՀ-ի համապատասխան ստոաբաժանման աշխատանքները, ունի դասավանդման մեծ փորձ:  «Հաջողության բանաձև»-ն այն քիչ հաղորդաշարերից է, որ զարդարանքի կարիք չունի և կառուցված է ժանրի բոլոր չափանիշներին համապատասխան»,- նշեց մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Հայաստանի վաստակավոր լրագրող, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյանն ու լրագրողներին խորհուրդ տվեց բացահայտել  Դիանա Մարկոսյանի հաջողության բանաձևը. նա  դրանց մի ամբողջ շարք ունի:

Հակոբ Ավետիքյանը բարձր գնահատեց նաև հաղորդաշարի ստեղծագործական խմբի  մեկ այլ հաջողված  նախագիծ. «Ձնհալն արվեստում» ֆիլմը,  որն անդրադարձել է  կինոաշխարհում 1960-ականների հայ մշակույթի պատմության ոսկեդարին:

Դիանա Մարկոսյանը «Վահան Թեքեյան» մրցանակակիր լինելը պատվաբեր և , անշուշտ, պարտավորեցնող համարեց. սա մրցանակ է, որին ժամանակին արժանացել են ոլորտի երախտավորները, իսկ կրկնակի պարտավորեցնող է, քանի որ  մրցանակը ստանում է լրագրողից, ով կանգնած է մեր երկրում մամուլի կայացման ակունքներում,  ոլորտի ռահվիրաներից  է:

Մրցանակակիրը շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանի  ղեկավարությանը,  որը վեց տարի առաջ հավատաց  և իր կարևոր ներդրումը կատարեց հաղորդման կայացման գործում.«Հաղորդաշարն անդրադառնում է բուհում գործող մասնագիտություններին,  պատրաստած կադրերին, բացահայտում ոլորտի  մասնագետների հաջողության բանաձևերը: Այն այսօր հեռարձակվում է հանրապետական սփռման միանգամից երեք հեռուստաընկերություններով, որոնք ունեն քաղաքական տարբեր կողմոնորշումներ:  Սա մեկ անգամ ևս ապացուցում է՝ գնահատվում է՝ հաղորդման գիտակրթկան բաղադրիչը»:

Դիանա Մարկոսյանը նկատում է՝  օրվա հաղթանակի բերկրանքը նաև նրանում է, որ պրոֆեսիոնալ գործընկերների բացի, ռեժիսոր  Արտյոմ Աղասարյան, օպերատոր Հրայր Սիրականյան, մոնտաժող, ռեժիսոր Արթուր Փարսյան,   նախագծում է նաև իր ուսանողին՝ հաղորդավար Սուսինա Խաչատրյանը, ով   այսօր արդեն  հաղորդաշարի դեմքն է:

Ի դեպ, «Հաջողության բանաձև»-ն առաջին  հաղորդաշարն էր, որ  կորոնավիրուսի պայմաններում իր առջև խնդիր դրեց և հեռավար մեթոդով պատրաստեց հաղորդումը՝ ապացուցելով, որ անհնարին  ոչինչ չկա։

Նույն անվանակարգում հաղթող ճանաչվեց նաև Հակոբ Ասատրյանը՝ Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար («Օրեր» ամսագիր):

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը «Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը հանձնվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ-ի Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար։

Մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց ավագ գործընկերոջը և ընդգծեց՝ հրաշալի աշխատանք  ու դերակատարումներ են.«Գիտեմ՝ ինչ դժվարությամբ է Արմեն Էլբակյանը ստանձնել բեմադրությունն իրականացնելը, ինչքան բարդ էր. թատերական աշխարհի ներկայացուցիչների համար ևս տարակուսանք կար, թե ինչ կստացվի։ Այսօր արդեն բոլորս պարծենում ենք այդ ներկայացմամբ»:

Արմեն Էլբակյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար  և  նշեց՝ առանց մշակույթի և դրա գնահատման, առանց համակարգված մշակութային աշխատանքի  առավել  դժվար կլիներ պահպանել եղածն ու ստեղծել նոր գործեր:

«Կերպարվեստ» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանին՝ «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործության համար։ Հանձնաժողովի նախագահը արվեստագիտության դոկտոր, ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան,  պրոֆեսոր Արա Հակոբյանն էր:

Վերջինս նշեց՝ մրցանակը մեկն է, աշխատանքները բազմաթիվ, արժանիները՝ մի քանիսը.«Պետք է նկատել, որ կերպարավեստն արվեստի այն  բնագավառն է, որտեղ առավել դժվար է ընտրել լավագույնին: Սա  ոլորտ է, որտեղ ամեն ինչ ինքանտիպ է ու առավել պայմանական. յուրաքանչյուր մասնագետ, իր   ողջ էությամբ, կյանք է ներշնչում իր ստեղծագործություններին»:

«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Արմեն Ենգոյանին՝ «Գյուղական էսքիզներ»  շարքի և Զավեն Խաչիկյանին՝ «Անվերնագիր պատերազմ» շարքի համար։

Մրցութային հանձնաժողովի նախագահ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ Սամվել Սևադան իր խոսքում նկատեց՝  մեզանում շատ են տաղանդավոր ու շնորհալի լուսանկարիչները.  հաղթողներին ընտրելու գործը դժվար տրվեց:

Մրցանակաբաշխության ներկա  Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ուրախալի  համարեց այն, որ  այսօրվա ոչ շատ բերկրանքով լի կյանքում տեղի են ունենում նման միջոցառումներ.դրանք  կարծես լույսի ու հույսի կայծ են բերում։

Նա փոխանցեց մայր եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնությունն ու մաղթանքը, շնորհավորեց  մրցանակակիրներին, և նկատեց՝ վերջիններս  ապրում են ազգի պատվի, մշակույթի  և վաղվա օրվա համար.«Մեր ազգն ավելի ծանր իրավիճակներից է դուրս եկել, մեր ժողովուրդը իրեն վերապրած չի համարել, ապրում է որպես ազգ, ժողովուրդ և մարդկության մի կարևոր մաս»:

Նշենք, որ միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 1991 թվականից։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և Հայաստանի ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ։