ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցեցին հոլանդական երգչախմբի հետ
31.10.2017
Համագործակցեցին հոլանդական երգչախմբի հետ

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ “CAUCASICA” հոլանդական երգչախմբի համերգը, որի անդամներն օրեր առաջ էին ժամանել Երևան: Երկսեռ երգչախումբն ունի մոտ 20 տարվա պատմությու.երգացանկում ներառված են ինչպես հայկական, վրացական, ռուսական, այնպես էլ հոլանդական խմբերգեր:

“CAUCASICA” երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը մեր հայրենակից, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Յուրի Մակարովն է: 1995 թվականից նա ակտիվ գործունեություն է ծավալել Նիդերլանդներում, աշխատել տարբեր կոլեկտիվներում և հաջողությամբ տարածել տարբեր ազգերի կոմպոզիտորական արվեստը:

Համերգում ելույթ ունեցավ նաև ՀՊՄՀ-ի միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր «Ավե Մարիա» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Արտաշես Բաբուրյան: Համերգը եզրափակվեց երկու երգչախմբերի միասնական կատարմամբ:

Համերգից օրեր անց Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում երկու երգչախմբերը միասնական փորձ անցկացրին, որի ընթացքում սովորեցին Մակար Եկմալյանի պատարագից՝ «Սուրբ-սուրբ» ստեղծագործությունը: «Ավե Մարիա» երչգչախմբի անդամները մեծ ոգևորությամբ հյուրընկալեցին օտարազգի հյուրերին՝ նրանց ծանոթացնելով հայ մշակույթին: