Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովասափյանն ու ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծեց հանդիպման կարևորությունը, կրթական ոլորտի նկատմամբ ունեցած հյուրերի հետաքրքրությունը, համատեղ իրականացրած ծրագրերն ու վերապատրաստումները, որոնք վստահ է՝ կրթության որակի ապահովման նոր չափանիշ կլինեն։
ՀՊՄՀ-ի և Բրիտանական խորհրդի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին Սրբուհի Գևորգյանն ու Ադդէ Հովասափյանը։
Ռեկտորը հույս հայտնեց, որ հուշագիրը կպայմանավորի ոչ թե հատվածային, այլ երկարատև համագործակցություն, իրականացվող ծրագրերն էլ կնպաստեն գործող և ապագա մանկավարժների մասնագիտական ձեռքբերումներին, գիտելիքների և կարողությունների նոր բովանդակության ձևավորմանը։
Պրոֆեսոր Գևորգյանը հիշեցնում է՝ բուհը պատասխանատու է ուսուցչական համակազմի պատրաստման համար․ «Կրթությունն է, որ մոդելավորում և կառուցում է ապագան, ձևավորում արժեհամակարգ։ Միացյալ Թագավարությունն այսօր էլ առաջատար դեր ունի աշխարհում, իսկ Բրիտանական խորհուրդը՝ մեծ ավանդ և փորձառություն՝ ուսուցիչների կարողությունների բարձրացմանն ուղղված կրթական համակարգի նորարարությունները փոխանցելու տեսանկյունից։ Ուստի, կարևորում ենք մեր համագործակցությունը, գիտելիքներն ու կարողությունները հետագա սերուդներին բարեհաջող վավերացնելու այս գործընթացը»։
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հուսով է, որ կհաջողվի ըստ պատշաճի իրականացնել բուհի հետ համագործակցությունը։ Համակարծիք է՝ կրթական բաղադրիչը կարևորագույն ներդրումն է, որ Միացյալ Թագավորությունը կարող է ունենալ ՀՀ-ում՝ նպաստելով երկրի զարգացմանը։
Դեսպան Ջոն Գալագերը վստահեցնում է՝ Մանկավարժականն այն բուհն է, որն իր անկյունաքարային դերը պետք է ունենա մի շարք ծրագրերում․ ուսուցիչները պետք է ձեռք բերեն հմտություններ ու կարողություններ, որոնք հետագայում կնպաստեն երկրի կայացմանը․իրենք ևս պետք է գիտակցեն այդ կարևոր առաքելությունը։
Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովասափյանը շնորհակալություն հայտնեց համագործակցությունը կյանքի կոչելու համար։ Ընդգծեց, որ Բրիտանական խորհուրդը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի կրթության, արվեստի և վերապատրաստման միջոցով անգլերենի ոլորտների զարգացման գործում։
Ադդէ Հովասափյանը կարևորեց բուհի հետ համատեղ իրականացրած ծրագրերն ու համագործակցության ընդլայնումը․««Future English»` դեպի գերազանցություն տանող ուղին, ծրագրի նպատակն է կրթական համակարգերը զինել հետազոտությունների վրա հիմնված մոտեցումներով, դիտարկումներով և նորարություններով, ինչպես նաև աջակցել անգլերեն լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը։ Կարծում եմ՝ կրկին կհանդիպենք 6 ամիս անց՝ նշելու այն հաջողությունները, որ բուհի ուսանողներն ունենալու են ծրագրի շրջանակներում»։
Հանդիպման ընթացքում Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանը մանրամասնեց Մանկավարժականում հոկտեմբերից ներդրվող 6-ամսյա ծրագիրն ու ուսուցիչների համար նախատեսված առցանց հարթակի բովանդակությունը։
Ծրագրի շնորհիվ հասանելիություն կլինի Բրիտանական խորհրդի և Մեծ Բրիտանիայի անգլերենի դասավանդման ոլորտին վերաբերող ռեսուրսներին, խորհրդի կողմից վերապատրաստված ֆասիլիտատորների հետ պարբերաբար կլինեն հանդիպումներ, վեբինարներ, կիրականացվեն նաև ֆորում-քննարկումներ՝ բարձրաձայնելու առկա խնդիրները։
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը հաստատում է՝ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը, համատեղ ձեռնարկները որակական նոր փոփոխություն են բերել։
Ամբիոնում քննարկվել և որոշվել է ծրագիրը ներառել ուսումնական ծրագրում․ ձևաչափի մասին դեռ կքննարկեն։