ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Հարավային Բոհեմիայի համալսարանի միջև
06.11.2019
Համագործակցության հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Հարավային Բոհեմիայի համալսարանի միջև

Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Տոմաշ Մախուլան կնքեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի համաձայն՝ երկու բուհերը կիրականացնեն գիտնականների, դասախոսական կազմի և ուսանողների փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հեռակա ուսուցման ծրագրեր: Հուշագրով նախատեսվում է իրագործել համատեղ ուսումնական ծրագրեր, ամառային դպրոցներ և ուսանողների պրակտիկա, ինչպես նաև մասնակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտաժողովների, սիմպոզիումների, վերապատրաստումների, սեմինարների և այլն:

«Հարավային Բոհեմիան Արևելյան Եվրոպայի առաջատար գիտական կենտրոններից մեկն է: Ուսանողների և դասախոսների փոխանակումը այս հուշագրի շրջանակներում հնարավորություն կտա ուսանողներին ինտեգրվելու եվրոպական կրթական համակարգին: Կարծում ենք, որ առկա և առաջիկա կրթական եվրոպական ծրագրերը կնպաստեն դրանց իրագործմանը»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Ռեկտորը ևս մեկ անգամ շնորհավորեց բուհի ուսանողներին և դասախոսներին կարևոր համագործակցության առթիվ և ընդգծեց, որ հուշագիրը նախատեսում է լուրջ փոխհարաբերություններ կրթական և գիտական ամենատարբեր ասպարեզներում:

Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Տոմաշ Մաչուլան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և խոստովանեց՝ այցից առաջ Հայաստանի մասին ուներ կցկտուր տեղեկություններ ու պատկերացումներ:

«Այս օրերին նկատեցի՝ դուք մեծ ուշադրություն եք դարձնում ազգային ինքնությանը, որը շատ կարևոր է ցանկացած երկրի կրթական ծրագրերի և միջհամալսարանական համագործակցության համար: Մեր համալսարանը հետազոտական է և ունի բազմաթիվ գիտական, հետազոտական, կրթական թեմաներ ու ծրագրեր, որոնք կարող ենք ընդհանրական լինել երկու համալսարանների համագործակցության գործում»,-նշեց Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Տոմաշ Մաչուլան և վստահեցրեց, որ անհամբեր սպասում են Մանկավարժական համալսարանի ուսանողներին և դասախոսներին:

Հուշագրի կնքմանը ներկա էր նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Վերջինս մեծ պատիվ համարեց իր ներկայությունը ձեռնարկին՝ ընդգծելով, որ հիմնականում դեսպանի պարտականությունը երկու երկրների միջև հնարավորինս խորքային հարաբերություններին աջակցելն է. «Այդ համատեքստում միջհամալսարանական համագործակցությունն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ համագործակցում են երկու երկրների երիտասարդ սերունդներ: Դա կարևոր է առաջին հերթին միջպետական հարաբերությունների ապագայի համար»,-նշեց ՀՀ-ում Չեխիայի դեսպանն ու հույս հայտնեց, որ երկու բուհերի միջև այս համագործակցությունը ուսանողական և դասախոսական համայնքների միջև խորքային համագործակցության սկիզբն է:

Դեսպան Բեդրիխ Կոպեցկին վստահեցրեց, որ դեսպանատունը հնարավորինս կաջակցի այս համագործակցությանը:

Մանկավարժական և Հարավային Բոհեմիայի համալսարանների միջև հուշագրի ստորագրման արարողությունը շարունակվեց համերգային ծրագրով: Ելույթ ունեցան Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտական և պարային կոլեկտիվները: