ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր՝ Պոմորսկի համալսարանի հետ
28.09.2023
Համագործակցության հուշագիր՝ Պոմորսկի համալսարանի հետ

Լեհաստանի Սլուպսկ քաղաքի Պոմորսկի համալսարանի պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ՀՊՄՀ-ում էր։ Երկու բուհերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանն ու Դարիուշ Ֆիցեկը։

Հուշագրի համաձայն՝ կիրականացվեն մի շարք ծրագրեր, միջոցառումներ, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակում, մասնագիտական պրակտիկայի կազմակերպում, վերապատրաստումներ։

Հայ և լեհ գործընկերները կկազմեն նաև համատեղ կրթական ծրագրեր, կիրականացնեն գիտահետազոտական նախագծեր, գիտական աշխատություններ, ինչպես նաև երկուստեք կմասնակցեն գիտական և գիտամեթոդական սեմինարների, կոնֆերանսների, սիմպոզիումների։

Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Դարիուշ Ֆիցեկի գլխավորած պատվիրակության կազմում էին Պոմորսկի համալսարանի Ուսումնական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Դաշուտա Գերչինսկան և «Polilog» գիտական ամսագրի խմբագիր, պրոֆեսոր Գալինա Նեֆագինան։

Աշխատանքային հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լիլիա Բալասանյանը։

Կողմերն ընդգծեցին՝ հետաքրքրված են համագործակցությամբ․ հույս հայտնեցին, որ փոխարդյունավետ գործընկերությունը հնարավոր կլինի զարգացնել մի շարք ոլորտներում։


Բուհերի պատվիրակները ներկայացրին կրթական հաստատությունները, մասնագիտությունները, գիտական գործունեությունը, միջազգային համագործակցության շրջանակներում ունեցած փորձն ու ծրագրերը։

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հուշագրից կառուցողական գործընկերությանն անցնելու լավագույն տարբերակը դիտարկում է Էրազմուս ծրագրի շրջանակներում համագործակցությունը՝ ընդգրկելով ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին։ Պրոռեկտորն ընդգծում է՝ հուշագրում ներառված կետերը չպետք է մնան թղթի վրա․ դրանք անհրաժեշտ է կյանքի կոչել։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ևս կարևորեց նոր գործընկերությունը․ բուհի գիտական գծով պատասխանատուն կարծում է, որ փոխարդյունավետ կլինի միմյանց ամսագրերում տպագրվելը, գիտական ոլորտում ակտիվ համագործակցելը։

Պոմորսկի համալսարանի Ուսումնական գծով պրռեկտոր, պրոֆեսոր Դաշուտա Գերչինսկան, անդրադառնալով համագործակցության աշխարհագրությանը, կարևորեց Հայաստանի, մասնավորապես՝ մանկավարժական մայր բուհի հետ համագործակցությունը։

Լեհ գործընկերն ընդգծեց Պոմորսկի համալսարանի ուսանողներին տրվող կրկնակի դիպլոմի հնարավորությունը, հետաքրքրվեց մեր երկրում մանկավարժի մասնագիտության պահանջարկով, ընդունելության ցուցանիշներով։

Դոցենտ Լիլիա Բալասանյանը հանդիպման ընթացքում հիշեցրեց լեհ գործընկերներին՝ դեռևս խորհրդային տարիներին հայ մեթոդիստները ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով հյուրընկալվում էին տարբեր երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում։

Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության հուշագիրը երկուստեք կլինի արդյունավետ և փոխշահավետ։