Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Մանկավարժական համալսարանի պատվիրակները՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ։
Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև ստորագրված միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը։
Այն ստորագրել են բուհերի ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Գեզա Կումինեցը:
Ըստ գործող համաձայնագրի նոր կետի՝ նախատեսվում է ընթացիկ տարում Մանկավարժական համալսարանում հիմնել Հունգարիայի պատմության և մշակույթի կենտրոն։ Կենտրոնի բացման վերաբերյալ կայացել են նաև հայ և հունգարացի գործընկերների հանդիպումներ։
Հիշեցնենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Բուդապեշտի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համաձայնագիր, որի շրջանակում բուհում պաշտոնապես բացվել է Հայագիտության ամբիոն:
Համագործակցության շրջանակներում ներդրվել են ուսումնական ծրագրեր, իրականացվել փոխայցելություններ և գործընկերության շրջանակներում ներառված այլ ծրագրեր։