Մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար երկամյա ծրագիրը։ Այսօր մեկնարկեց 6-րդ՝ երկօրյա առերես վերապատրաստումներից առաջինը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետազոտական աշխատանք Հայաստանում առողջ ծերացման ոլորտում, ինչպես նաև Շվեյցարիայի Լյուցերնի համալսարանի առաջատար մասնագետների կողմից կանցկացվեն վերապատրաստումներ․դրանք հնարավորություն կտան ծանոթանալու վերականգնողական ոլորտի համատեքստում ԱՔՀՀ համապարփակ ներածությանը։ Այն միտված է մասնակիցներին ապահովելու հիմնական գիտելիքներով և հմտություններով՝ հասկանալու, վերլուծելու և ազդեցություն ունենալու առողջապահական քաղաքականության և համակարգերի վրա, որոնք ազդում են վերականգնողական ծառայությունների վրա։
Ծրագրին մասնակցում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ առողջապահական, սոցիալական, կրթական: Այսօր վերջիններիս ողջունեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, որը կարևորեց ծրագրի ներդրումը մեր երկրում տեղի ունեցող ռեֆորմների և ԱՀԿ-ի կողմից առաջադրվող պահանջների շրջանակներում՝առողջապահական, կրթական, սոցիալական ոլորտի մասնակիցների ներգրավմամբ։
Ինտերակտիվ դասախոսություններ և ներկայացումներ, դեպքերի ուսումնասիրությունների վերլուծություն, խմբային քննարկումներ և ակտիվություն, գործնական վարժություններ։ ՀՊՄՀ պրոռեկտորը նշեց՝ կլինի 6 առկա և 10 առցանց վերապատրաստում, որոնք գնահատվելու են խմբային քննարկումներին և աշխատանքերին մասնակցելու, առցանց թեստերի լրացման արդյունքում։ Յուրաքանչյուր վերապատրաստում գնահատվելու է 1 կրեդիտ․ ավարտին՝ Լյուցերնի համալսարանի և ՀՊՄՀ-ի կողմից կտրվի մասնակցության վկայագիր։
Ծրագրի մասնակիցներին ողջունեց նաև Լյուցերնի համալսարանի Վերականգնողական և առողջ ծերացման ոլորտում հետդոկտորական հետազոտությունների մասնակից և նախագծի համակարգող դոկտոր Դիմա Թուհամին։ Վերջինիս աշխատանքը միտված է առողջապահական համակարգերի ամրապնդման և քաղաքական որոշումների վերաբերյալ հետազոտությունների զարգացմանը։ Լյուցերնի համալսարանի մասնագիտական թիմը գործնական և տեսական դասընթացներով հանդես կգա, ծրագրի շրջանակում իրականացվող առաջին մոդուլի շրջանակներում:
Դիմա Թուհամին ընդգծեց՝ երկօրյա վեապատրաստումների ընթացքում կտրամադրեն թեմայի վերաբերյալ հարուստ նյութեր․ հույս ունի, որ մասնակիցներն էլ իրենց հերթին կկիսվեն փորձառությամբ՝ միմյանցից սովորելու ակնկալիքով։ Դիմա Թուհամին խոսեց Մանկավարժականի հետ գործընկերության մասին և նշեց, որ վերապատարաստումների ծրագիրը կազմում է այդ ամենի բաղկացուցիչ մաս։
Վերապատրաստումների առաջին օրն անցկացվեց 4 նստաշրջան․ ներկայացվեցին ԱՔՀՀ-ի սահմանումը, էվոլյուցիոն զարգացումն ու դրա կարևորությունը վերականգնողական աշխատանքներում, ԱՔՀՀ-ի ուղղորդող սկզբունքները, առողջապահական համակարգերի 6 հիմնական բաղադրիչները, դրա դերը առողջական անհավասարությունների հաղթահարման գործում, ինչպես նաև առողջության սոցիալական որոշիչ գործոնները։
Անցկացվեց նաև գործնական աշխատանք․ առողջապահական խտրականություններ վարժանքի միջոցով մասնակիցները բացահայտեցին և քննարկեցին տարբեր իրավիճակներում վերականգնողական ծառայությունների անհասանելիության հետ կապված խտրականությունները։ Վերապատրաստումների առաջին օրն ամփոփվեց առանցքային գաղափարների ներկայացմամբ։
«Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար երկօրյա վերապատրաստումները կշարունակվեն նաև վաղը։
Կներկայացվեն ԱՔՀՀ-ի գործնական կիրառումներն ու ապագա ուղղությունները, վերականգնողական աշխատանքների համար մեթոդաբանությունը, ոլորտում հետազոտական հարցերի ձևակերպումը և այլն։ Վերապատրաստման ավարտին նախատեսված է քննարկել հիմնական գաղափարները, մշակել ԱՔՀՀ-ի նոր զարգացումներին և մարտահրավերներին միտված առաջարկների և գործողությունների պլաններ։