ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցություն ՀՊՄՀ-ի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև
07.02.2020
Համագործակցություն ՀՊՄՀ-ի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև

Մանկավարժական համալսարանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը կնքվել է սոցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալական ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական 5 հաստատությունների ՝ այդ թվում ՀՊՄՀ-ի միջև։

Հուշագրի կնքումը Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման գործում գործնական քայլ է։ Հուշագրի նպատակն է նպաստել գիտագործնական բնագավառների համակողմանի զարգացմանը, ինչպես նաև՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթություն ստացած մասնագետների առաջնահերթ ներգրավման միջոցով:

Հուշագրի ստորագրումից հետո երեք ամիսների  ընթացքում ուսումնական հաստատությունները կուսումնասիրեն  նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջանավարտների ցանկերը՝ նախարարությանը ներկայացնելով այդ մասնագետների ներկայիս տեղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխատելու պատրաստակամության և հնարավորության մասին տեղեկություններ:

Նախարարությունն իր հերթին պարտավորվում է շրջանավարտների մասին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկնածուներ, նրանց համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում  սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, դրանք հաջող ավարտած կադրերին առաջնահերթության կարգով դիտարկել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տարբեր մակարդակների և տարածքների կառույցներում աշխատանքի համար: Բացի այդ, մասնագիտական  ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա  նախարարությունն ամեն տարի իր համակարգում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում կկազմակերպի վերջիններիս՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով սովորող ուսանողների  ուսումնական և արտադրական պրակտիկաները, ինչպես նաև պարբերաբար մասնագիտական ուսումնական հաստատությունների սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով շրջանավարտների միջոցով կհամալրի  ոլորտում առկա թափուր աշխատատեղերը:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանից հուշագրի ստորագրմանը մասնակցել է բուհի պրոեկտոր Արա Արեմյանը։

Տեղեկատվությունը՝ www.mlsa.am