Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը օտար լեզուների ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում «Սմարտ Ստարտ» կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Ավարտական կուրսի ուսանողները ծանոթացան «Սմարտ Ստարտ» կենտրոնի թափուր աշխատատեղերին: Ի դեպ, «Սմարտ Ստարտ»-ը Հայաստանում առաջին միջազգային նախադպրոցական կենտրոնն է, որը աշխատում է «Այ Փի ՍԻ» (International Preschool Curriculum) անգլիալեզու կրթական ծրագրով՝ նախատեսված 2 - 6 տարեկան երեխաների համար։
Կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Դուզտապանյանը ներկայացրեց թափուր աշխատատեղերի համար ներկայացվող պահանջները և նշեց, որ աշխատանքի դիմողները հնարավորություն կունենան վերապատրաստվել «Սմարտ Ստարտ» կենտրոնի կողմից առաջարկվող վեցամսյա դասընթացում՝ ստանալով հավաստագիր և կենտրոնում աշխատելու առաջարկ:
ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանն ընդգծեց, որ առաջարկն ուսանողների համար լավ հնարավորություն է ուսմանը զուգահեռ գործնական գիտելիքները, անգլերենի հաղորդակցական հմտությունները զարգացնելու, կատարելագործվելու տեսանկյունից, ինչը առիթ կընձեռի նաև «Այ Փի ՍԻ» միջազգային կրթական ծրագրով աշխատելու համար:
Նշենք, որ «Սմարտ Ստարտ» կենտրոնի հետ համագործակցությունը շարունակական է և պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ: