ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համահայկական գիտաժողով Մանկավարժականում
23.09.2022
Համահայկական գիտաժողով Մանկավարժականում

ՀՊՄՀ-ի և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ մեկնարկեց «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» խորագրով համահայկական գիտաժողովը։

Ձեռնարկին ներկա էին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ, գրականագետներ, ուսանողներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս․ Ժամկոչյանը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության խոսքը։

«Ինչերի՜ միջով չի անցել արևմտահայ գրականությունը, ի՜նչ չարագուշակ ճակատագիր են կարդացել նրա սնարի մոտ վերջին 120 տարին, բայց նա, այդ լուսավոր գրականությունը, ի հեճուկս նույն ճակատագրի հարվածների, ապրեց ու տոկաց, լցրեց աշխարհն իր զարմանալի կենսունակությամբ և վերադարձավ»,- նշեց ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը։

Նա հույս հայտնեց, որ գրական-ճանաչողական համահայկական գիտաժողովում ներկայացված զեկուցումները կվկայեն վերադարձի անցած տարիները՝ 20-րդ դարի կեսերից մինչև մեր օրեր՝ երևան հանելով պոլսահայ գրականության լուսավոր և ստվերոտ կողմերը։

Վերջինս նաև փոխանցեց Պոլսի Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ․Մարշալի օրհնության խոսքը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Վերջինս նկատեց՝ գրականությունը ձևավորում է ժամանակի հերոսին, ընթերցանությունը բերում ապրումակցման և հնարավորություն տալիս նույնացվել որոշակի արժեբանության՝ ունենալով որակական զարգացումներ։

Պրոֆեսոր Գևորգյանը կարծում է, որ գրականության կնճռոտ հարցերը պետք է թողնել մասնագետների դատին․ ներկայացված թեմաները քննարկումների միջոցով նոր լուծումներ և տարբերակներ կառաջարկեն՝ որակական այլ մակարդակ տեղափոխելով ճանաչելիության հարցեր։

Լիբանանի «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը պատահական չի համարում, որ պոլսահայ գրականությանը նվիրված գիտաժողովն անցկացվում է հայոց նորագույն պատմության ամենաօրհասական պահին։

Բանախոսը ցավով է նկատում․ «Արևմտահայերենի գոյությունը լուրջ վտանգված է։ Ազգային աղետներին համընթաց՝ պոլսահայ գրական ժառանգությանը նվիրված գիտաժողովն իր գիտական վերլուծությամբ, հայրենիքում արևելահայ և արևմտահայ գրական արժեքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու կարևոր քայլ է»։

«Համազգային»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելայնն էլ հավելում է՝ այն, ինչ ասում է գրականությունը, գուցե, չկարողանան ասել քաղաքագետները։ Վերջինս պոլսահայ գրականության առանձնահատկություններից է համարում այն, որ գեղարվեստի միջոցով Պոլսում ապրող գրողները փոխանցել են այնտեղ տիրող մթոնոլորտը, մտայնությունները, մարդկանց աշխարհընկալումը, որը ձևավորում էր ապագայի տեսլականը․«Պոլսահայ գրականությունը ցեղային ինքաճանաչողության և բարոյական արժեքների փրկակար ուժ դարձավ՝ բանաձևելով որպես ազգ ապրել կարողանալու և շարունակության բնազդն արթուն պահելու հրամայանակը»։

Հայաստանի գրողների միության ղեկավարության անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունեց վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը։

Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում անդրադարձան պոլսահայ գրականությանն ու գրողներին՝ 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը, քննարկեցին պոլսահայ կյանքի մի շարք հարցեր։

Ի դեպ, գիտաժողովի նախօրեին, Սփյուռքի ներկայացուցիչներին հյուընկալեց նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր, ապա այցելեցի բուհի թանգարան՝ ծանոթանալու մեկդարյա բուհի հարուստ պատմությանը։